ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ բողոքն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։
ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ բողոքի մերժումն արդեն ստացել են, սակայն առաջիկայում պատրաստվում են բողոքարկել․ «Կարծում ենք՝ քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելիս առանց որևէ հիմքի չի կարող այն առանձնացնել։ Արհեստականորեն 2 գործ են ուզում սարքել, մեկը պահել իրենց մոտ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան այդ ենթադրյալ արարքների վերաբերյալ կրկնակի քննություն իրականացնել»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց՝ իրենք իրավական առումով անորոշ որոշում էին ստացել ԱԱԾ–ից՝ գործից մաս անջատելու հետ կապված և դիմել վերահսկող դատախազին, պարզելու՝ ինչի՞ համար է արդեն իսկ դատարան ուղարկված գործից մաս առանձնացվել։
Նշենք, որ հոկտեմբերի 2–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն։ Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ կրկնակի հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Քննիչի կողմից որոշում էր կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: