Տարբեր երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը ընդամենը հնչում է լուրջ սպառնալիք, բայց իրականում, երբ հարցը հարթվի, այդ երկրները կշարունակեն զենք մատակարարել Թուրքիային, որովհետև բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով մի շարք երկրների` Թուրքիային զենքի վաճառքի դադարեցմանը:

«Այնպիսի երկրներ, ինչպիսին Գերմանիան, Ֆրանսիան է, որոնք Թուրքիայի հետ գործարքներ ունեն զենքի մատակարարման բնագավառում, հայտարարել են, որ դադարեցնում են զենքի մատակարարումը։ Սակայն ես համոզված եմ, որ ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան պատրաստ չեն Թուրքիայի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառելու»,- ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կանաչ լույս վառեցին Թուրքիայի առջև։

Ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան Սիրիա ներխուժմամբ հարցին ի պատասխան՝ թուրքագետն ասաց, որ Թուրքիան մի կողմից գրավում է անկախ պետության տարածքը, մյուս կողմից իրականացնում է էթնիական զտում՝ նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի գնով։ Այնտեղից վռնդում է քրդերին ու այլ փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնյաներին, հայերին։ Երրորդն էլ այնտեղ ուզում են բնակեցնել Թուրքիայի տարածքում գտնվող Սիրիայի փախստականներին, որոնք արաբներ են։

 

«Տեղի է ունենում մի դաժան արարք անկախ պետության ու այնտեղ բնակվող մարդկանց դեմ, այսինքն Թուրքիան բռնի ճանապարհով փոխում է այդտեղի ասիական պատկերը։ Նպատակը նաև 500 կմ երկայնքով և 30 կմ խորությամբ տարածք գրավելն է Սիրիայից։ Թուրքիան 2 անգամ հարձակվել է Սիրիայի տարածքի վրա և 1 տարի է հայտարարում էր 3-րդ հարձակման մասին։ Այնտեղ, որտեղ բնակվում են քրդերը, պետք է ստեղծի այսպես կոչված անվտանգության գոտի, որը պետք է բնակեցնի Թուրքիայի տարածքում գտնվող Սիրիայի 4 մլն փախստականների, որոնք հիմնականում արաբներ են»,- նշեց Սաֆրաստյանը։

Ըստ թուրքագետի՝ Սիրիայում տեղի ունեցող գործողությունները վտանգավոր են նաև հայ ազգաբնակչության համար և Հայաստանը պետք է քայլեր անի իր հայրենակիցներին օգնելու ուղղությամբ․ «Սիրիայում բնակվող հայերը փախստականներ են, նրանց նախնիները Ցեղասպանությունից հետո հայտնվել են այնտեղ և փաստորեն նրանց թոռներն ու ծոռները նորից Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանության վտանգի առաջ են։ Հայաստանը կարծես ինչ-որ գործողություններ իրականացնում է օգնելու իր հայրենակիցներին, որպեսզի նրանք կամ տարհանվեն Սիրիայի ապահով տարածքներ, կամ վերդառնան Հայաստան և մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ նրանց խնդիրները լուծվեն»,- ասաց Սաֆրաստյանը։ 

 

Սոնա Հարությունյան