Մեկ տարի առաջ կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Անցել է մեկ տարի, իսկ Փաշինյանի նշած ռազմավարական ոլորտում ռազմավարական, առավել ևս հեղափոխական փոփոխություններ չեն նկատվում: Պետրոսյանը մեկ տարի առաջ խոստացել էր ցնցող բացահայտումներ կատարել օգտվելով այն լծակներից, որոնք իրեն են շնորհվել ի պաշտոնե, սակայն, կամ լծակները չաշխատեցին, կամ բացահայտելու բան չգտնվեց: Կոմիտեի նոր ղեկավարին վերջերս մամուլում եւ սոցցանցերում մեղադրեցին նախկին /մասնավորապես Երվանդ Զախարյանի ժամանակ աշխատած, կոռուպցիայի մեջ թաթախված/ վատ համբավ ունեցող կադրերին հետ բերելու մեջ:
Այս մեղադրանքներին Պետրոսյանն արձագաքել է՝ հանդես գալով վեհանձն քրիստոնյայի դիրքերից. մարդը սխալական է, պետք է նրան երկրորդ շանսի, բայց ոչ երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն տալ: Ինչպես երևում է վերջիններս այդ շանսը ստացել են, սակայն օգտվե՞լ են արդյոք, թե շարունակել են հին ավանդույթները՝ հայտնի չէ: Ինչ վերաբերվում է բացահայտումներին, ապա ըստ Պետրոսյանի որոշակի խնդիրներ կային նախկին մեծահարուստների առանձնատների հետ, սակայն խնդիրները ոնց եղել են, այդպես էլ շարունակում են մնալ, հետաքրքիր է՝ ի՞նչ լուծում է տեսնում Պետրոսյանը և ինչու մեկ տարի անց դեռ խնդիրը լուծված չէ: Մամուլում մեկ տարվա ընթացքում եղան նաև հրապարակումներ այն մասին, որ կոմիտեն շարունակում է նախկին համակարգին բնորոշ վարքագիծը ՝ օրինականության հետ շատ քիչ աղերս ունեցող շինարարական թույլտվություններ տրամադրելու հարցում:
Պետրոսյանի վերջին նորամուծությունն էլ, կամ թերևս առաջինն ու միակը մեկ տարվա մեջ վերաբերվում է անշարժ գույքի միասնական հարկի ներմուծմանը: Իհարկե նման հարկատեսակը առաջին հերթին հարվածելու է հենց միջինից ցածր խավին, սակայն դա մտքի հեղինակներին առանձնապես չի հուզել, քանզի անհրաժեշտ էր աշխատանքի բուռն իմիտացիա անել, իսկ որ այդ միակ փոփոխությունը անմիջականորեն հարվածի տակ է դնում ռիսկային խավին՝ ոչինչ, այդպես է աշխատում Նոր Հայաստանի Նոր Կադաստրը…