«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
- Պարոն Հայրիկյան, այսօր հայտարարությամբ հանդես եկաք՝ առաջարկելով գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ստացե՞լ եք որևէ առաջարկ, թե՞ դա սեփական նախաձեռնություն է: Ինչո՞ւ հիմա որոշեցիք բարձրաձայնել այս մասին:
- Որևէ առաջարկ չեմ ստացել, պարզապես տեսա, որ թեև նախընտրական փուլում միայն ես էի խոսում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց հիմա իմ այդ գաղափարը, թեկուզ առանց դրական զարգացումների, դարձել է քննարկման առարկա: Ես կարծում եմ՝ ասելիք ու անելիք ունեմ, մանավանդ, որ ես 1998-99թթ. եղել եմ այդպիսի հանձնաժողովի նախագահ: Եվ հիմա, եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի իրականացման գաղափարը կյանքի կոչվի, բոլորի բարի կամքի դրսևորման դեպքում, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, և այն կդառնա հետագա գործողությունների միասնական սկզբի ելակետ:
- Հայտարարության մեջ նաև նշել եք, որ այդ գործընթացի առողջ զարգացմամբ կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում։ Արտահերթ ընտրությունների անցկացումն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ այն ի սկզբանե մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից:
- Սահմանադրական բարեփոխումներն ավարտվում են Սահմանադրության հանրաքվեով: Սահմանադրական բարեփոխումների փաթեթի մեջ լինում է անցումային դրույթ, և մենք շատ արագ կարող ենք կյանքի կոչել (ես կարող եմ շատ արագ՝ վեց ամսվա ընթացքում այդ աշխատանքներն ամփոփել, քանի որ նախևառաջ պատրաստի մոդել, բանաձև ունեմ), և ես գիտականորեն բոլոր հարցերի պատասխանը տվել եմ, առաջնորդվում եմ մարդու իրավունքներով, ժողովրդավարական սկզբունքներով: Սա հնարավորություն կտա, որ բոլորը գան մեկ միասնական եզրակացության, և ոչ թե գանք դեռ հարյուր տարի առաջ հայտնագործված համամասնականին, այլ համամասնական վարկանիշայինին, դրան ավելացրած քաղաքացիական օրենսդրությունից բխող ձայները փոխանցելու իրավունքին:
Մի կատարյալ բանաձև ունեմ, որ ընդամենը լսել է պետք, ցանկացած գրագետ մարդ մեկ շաբաթվա ընթացքում կհամոզվի, որ դա անառարկելի ճշմարտություն է: Ես հիմա դրա վրա ինչ-որ չափով հույս եմ դնում, բայց ոչ թե իմն եմ առաջ տանում, այլ առաջ եմ տանում մարդու իրավունքների պահպանումը մինչև վերջ և կատարյալ ժողովրդավարության հասնելու պահանջը: Սա կկատարվի բավական արագ, քանի որ, ինչպես ասացի, ես փորձ ունեմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով գլխավորելու, դրա համար բավականին արագ կանեմ։ Երբ գործն ավարտվեց, հարցը կմտնի խորհրդարան, բարի կամքի դեպքում խորհրդարանը կընդունի կամ ոչ, այս դեպքում մենք բոլորս, ուզենք-չուզենք, հանուն նոր սահմանադրության դառնում ենք հեղափոխական, և այդ հեղափոխությունը չի լինի իշխանություն-ընդդիմություն հարատև վեճ, այլ կլինի ժողովրդավարական և հակաժողովրդավարական Հայաստան, որովհետև այսօր իշխանություն և ընդդիմություն տարբերակում կա: Եթե գնում ենք մինչև վերջ, տեղի է ունենում հանրաքվե, հանրաքվեով ընդունվում է սահմանադրություն, դրա մեջ ամրագրվում են անցումային դրույթները, սահմանադրության բարեփոխումից հետո պետք է իրականացնել սահմանադրությանը համապատասխանող նոր խորհրդարանի ձևավորումը։ Այսինքն՝ արտահերթ ընտրությունների հարցը այս քայլով կարող է լուծվել: Բացի այդ, եթե վերանում է նախագահի պաշտոնը, այն փոխարինվում է վարչապետի պաշտոնով, արդեն մենք ունենում ենք ընտրովի վարչապետի նոր ընտրություններ:
Այստեղ կարևոր է, որ մենք մահերով, դիակներով չսպառնանք իրար։ Նման տրամադրություն եմ տեսնում, որ ինչ լավ է՝ Րաֆֆին կմեռնի, կհարամվի ամեն բան...այս ինչ այլանդակ մտածելակերպ է: Կամ Րաֆֆին ասում է՝ ապրիլի 9-ին միայն իմ դիակի վրայով տեղի կունենա երդմնակալության արարողությունը, բայց ինչի իր դիակի վրայով: Ո՛չ Րաֆֆիի, ո՛չ Սերժ Սարգսյանի դիակը մեզ պետք չէ, մենք պետք է վերջ տանք դիակապաշտությանը: Տեսեք՝ մեր հերոսների 90 տոկոսը հերոս է դարձել, երբ դիակ է դարձել… վե՛րջ տվեք մեռելապաշտությանը, Աստված մեզ այդպիսի բան չի սովորեցրել: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ են, բայց իրար դեմ են պայքարում: ԱԻՄ-ն էլ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչն էր Հայաստանում:
Ես ինչո՞ւ եմ այս առաջարկն անում. ինչպես հայտարարությանս մեջ գրել եմ՝ Րաֆֆին և Սերժ Սարգսյանը իրար բացարձակապես չեն մերժում, իրենք պատրաստ են երկխոսության, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք չէ երկխոսություն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շուրջ, նա առօրյա քաղաքական խնդիրներով է ուզում զբաղվել, որոնք կարող են տևել տասնամյակներ: Ես այդ գործի կարևորությունը հասկանում եմ, գիտեմ, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքը ստրատեգիական հարց է, չեմ ուզում նսեմացնել մյուսների ցանկությունները: Այն, ինչ Րաֆֆին ասում է՝ շատ կարևոր է, այն, ինչով մտահոգ է Սերժ Սարգսյանը՝ դարձյալ շատ կարևոր է, բայց ես ունեմ իմ պատկերացումները, ես միշտ առաջնորդվել եմ ստրատեգիական խնդիրներով: Սա իմ ոլորտն է, սահմանադրականության հաստատման մեծագույն ներդրումը ես եմ ունեցել, դրա մասին նույնիսկ ժամանակին Գագիկ Հարությունյանը հայտարարություն արեց:
- Հայտարարության մեջ ձևակերպել էիք՝ այլապես որպես ազգ, վերջնականապես բնաջնջվելու սպառնալիքի առջև ենք կանգնելու: Կարծում եք՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կկանխի՞ սա:
- Ներկա իրավիճակն առավել քան ծայրահեղ է, այնքան ծայրահեղ, որ 1915 թվականից առաջ այսքան ծայրահեղ չի եղել: Մենք՝ որպես պետություն, ինչ-որ չափով միջազգայնորեն պաշտպանված ենք, սակայն ավելի վատ վիճակում ենք, քան 15 թվականից առաջ, և եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, մեզ շատ վատ ապագա է սպասվում:
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի բոլոր ազգերին բնորոշ առօրեական քաղաքական գործընթացներ են, բայց մենք առօրեականով չպետք է բավարարվենք, մենք սրընթաց պետք է առաջ գնանք, եթե չենք ուզում կործանվել: Այսօրվա իշխանություններն առօրեական քաղաքական կյանքով հանգիստ ապրում են, ինչպես աշխարհի բոլոր իշխանությունները, և կանեն առանց որևէ խնդիրների: Մենք արդեն դա տեսնում ենք, այլ բան է, որ նրանց պատրաստակամությունը պետք է մենք այսօր օգտագործենք, որովհետև վաղը կարող է ասեն՝ հավես չունենք։ Այդ ժամանակ ի՞նչ պետք է անենք՝ հեղափոխությո՞ւն… Գումարտակ էլ չէ, մեկ վաշտն էլ բավական է հեղափոխությունը ճնշելու համար: Մանավանդ՝ մեր ազգն իր հեղափոխական դրսևորումներով հայտնի չէ. միակը ազգային-ազատագրական պայքարի՝ 1921 թվականի փետրվարի 18-ի ապստամբությունն էր բոլշևիզմի դեմ, ուրիշ հեղափոխական դրսևորում մենք չենք ունեցել:
Քաղաքացին պետք է լինի երկրի կառավարման անմիջական իրականացողը, երկրի տերը: Խորհրդարանն անպայման պետք է լինի առավելագույնը ներկայացուցչական, համամասնականի մասին խոսում են, քանի որ համամասնականն ավելի ներկայացուցչական է, շատ ավելի ներկայացուցչական, քան մեծամասնականը, բայց սա արդեն հնացած է, ես առաջարկում եմ ավելի լավը, ոչ թե դեմ եմ համամասնականին, այլ եթե համամասնական, ապա համամասնական վարկանիշային: Այս բոլորը մենք կքննարկենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում:
- Ի՞նչ եք կարծում՝ Ձեր նամակն արձագանք կգտնի՞ Սերժ Սարգսյանի կողմից:
- Մենք Սերժ Սարգսյանից արդեն իսկ մի լավ փոխանցում ենք ստացել. ինքը խոսել է սահմանադրական բարեփոխումների համար հանձնաժողով ստեղծելու և այդ հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Հովաննիսյանին կարգելու մասին: Րաֆֆիի չտված պատասխանի փոխարեն՝ ես պատասխանում եմ, Րաֆֆիի մերժմանը ես տալիս եմ պատասխան, այստեղ Սերժ Սարգսյանից շատ բան կախված չէ, Սերժ Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, եթե հիմա ինձ ասի համաձայն չէ, քանի որ ինքն է առաջակել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը, ի դեպ, կար միայն իմ նախընտրական ծրագրում։ Հիմա մնում է Րաֆֆին ասի, որ իմ առաջարկն ընդունում է, բայց լավ կլինի, ինչպես Հայրիկյանը հայտարարել է, ինքն էլ թող ղեկավարի: Ես Րաֆֆուն Զատկի տոնից առաջ հնարավորություն եմ տալիս վերջացնել հացադուլը և անցնել իր լիարժեք քաղաքական գործընթացներին, այսինքն՝ այս քայլը ո՛չ Րաֆֆուն, ո՛չ որևէ մեկին չի կաշկանդում, և չնայած գիտեմ, որ շատ վայրահաչոցներ կլինեն, դա ընդունված է քաղաքականության մեջ, ես ողջունում եմ բոլորի քննադատությունը, բայց ոչ վայրահաչոցները:
Սերժ Սարգսյանն առաջարկել է մի բան, որին ես հնարավորություն եմ տալիս իրականանալ Հայրիկյանի միջոցով, Րաֆֆին իր բոլոր ծրագրերը կարող է իրականացնել՝ զուգահեռաբար ունենալով այս գործիքը: Ես 98-ին նախընտրել եմ սահմանադրական բարեփոխումները և երկիրը բռնապետությունից դարձրի համեմատաբար տանելի պետություն՝ սահմանադրական կարգով: Հիմա ուզում եմ մինչև վերջ հասցնել, քանի որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու դեպքում, եթե Հայաստանի մասին այսօր գիտի աշխարհի մեկ տոկոսը, այդ դեպքում կիմանա քսան տոկոսը և իմանալու է որպես մի բացարձակ ժողովրդավարական համամարդկային որակ, իսկ համամարդկային որակին սպառնացող վտանգը ամբողջ աշխարհին է սպառնում որպես վտանգ: Պետք է հասկանալ՝ սա նաև ազգային անվտանգության մեծ խնդիր է:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի