Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է Գրիգորի Հայրապետովը:

Կան խոսակցություններ, որ այս պաշտոնազրկման հիմքում ընկած է Ալիև-Փաշինյան «վերելակային բանակցության» և փաստաթղթերի փոխանակման մասին ինֆորմացիան Վիտալի Բալասանյանին՝ Հայրապետովի կողմից փոխանցելը:

Կան շշուկներ նաև, որ թեպետ իրադարձությունները ժամանակային առումով համընկնում են, սակայն Հայրապետովի հեռացումը կապված է ֆինանսական մեքենայությունների հետ: Ասել է թե՝ Հայրապետյանը ընդունել էր Վանեցյանի ուղին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում խուսափեց մեկնաբանել վարչապետի որոշումը:

«Ես հստակ տեղեկատվություն չունեմ և կդժվարանամ մեկնաբանել վարչապետի՝ իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումը: Բացի այդ Վիտալի Բալասանյանի ասածներն այնքան իրարամերժ են, որ ուղղակի պետք չէ հավատալ նրա ասածին: Երեկվա ասուլիսում 5 րոպեն մեկ ասում էր միտք, որը հերքում էր հաջորդ 5 րոպեի ընթացքում: Իր ասածներն ուղղակի հակասում ու մերժում են իրար: Ես չեմ կարող Հայրապետովի հեռացումը կապել այդ դեպքի հետ»,- ասաց Տիգրան Կարապետյանը: