ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրուցել է Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունների և ասուլիսների մասին: Եվ կոչ արել՝ լրատվական օրակարգը չձևավորել միայն նրա ասածների հիման վրա:

«Նրա ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք: Բավական է մեր երկրի կյանքը պտտեք նրա թելադրած օրակարգի շուրջ»:

Այնուամենայնիվ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Վիտալի Բալասանյանը անդրադարձել է իմ հնչեցրած հարցին, թե արդյոք իրեն կանչելու ենք ապրիլյան հանձնաժողովին, թե՝ ոչ: Ես ասել եմ, որ չենք կանչելու միայն այն պարզ պատճառով, որ Վիտալի Բալասանյանը ապրիլյան դեպքերի ժամանակ որևէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետև ինքը չի գտնվել Զինված ուժերի կառավարման համակարգում: Ինքը զորացրված է եղել վաղուց և իր պաշտոնավարումը ստացել է ապրիլյան դեպքերից հետո, որպես անվտանգության խորհրդի քարտուղար»:

Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ Վիտալի Բալասանյանի նման շատերն են գնացել աջակցելու սահմանագծի տղերքին, և նրանցից որևէ մեկը դրանից չի սարքել հերոսապատման նոր դրվագներ. «Վիտալի Բալասանյանը նկարագրում է, թե գնացել է, հրամաններ է տվել, ինքն է քայլերի հերթականություն որոշել: Այսպիսի նկարագրությունից կարող ենք ենթադրել, որ մենք բանակ չենք ունեցել: Ոնց կարող է բանակի կառույցից դուրս գտնվող մարդը հրամաններ տա բանակի կառույցներին, և այդ հրամանները կատարվեն: Այսինքն մեզնից յուրաքանչյուրը կարող էր հրամաններ տալ:

Վիտալի Բալասանյանին ապրիլյան դեպքերի հետ կապված հերոսի երկրորդ կոչում տալու միտքը պատգամավորը անհիմն համարեց. «Նախկին ընդդիմադիր գործիչներից մեկը ասում է՝ պիտի երկրորդ կոչում տաք, հարցնում եմ՝ ո՞ր մի հերոսության համար ենք նորից կոչում տալիս»:

Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ, եթե պետք լինի՝ Բալասանյանն Ապրիլյան հանձնաժողով կհրավիրվի հրապարակավ: