Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վերջին շրջանում հաճախ է բողոքում՝ կամ մարզում շինաշխատանքներն են դանդաղ ընթանում, կամ նախկինների ալան-թալանն է դանդաղ վերադարձվում պետական բյուջե, որպես այդպիսին՝ ցնցող բացահայտումների ևս ականատես չենք լինում: Ըստ էության՝ մարզում զարգանում է միայն մեկ կառույց, դա մարզպետի ստոմատոլոգիական կլինիկան է, իսկ ինքը՝ մարզպետը, մարզի մենեջերի պարտականությունները կատարելու փոխարեն, ստանձնել է դատախազի պաշտոնը:
Գրեթե յուրաքանչյուր շաբաթ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է գալիս մեղադրական գրառմամբ, մեկ Վանաձորի նախկին քաղաքապետն է մեղադրվում մանկապարտեզի շենքը օտարելու մեջ, (այնուհետև պարզվում է, որ Ղուկասյանը օտարումը անվանափոխությունից չի տարբերում), մեկ Թումանյանի համայնքապետն է հանդգնում չենթարկվել Ղուկասյանին: Ամեն տեղ կոռուպցիա և չարաշահում փնտրող և չգտնող մարզպետը կարող էր այդքան հեռու չգնալ և սկսել իր պրպտումները հենց մարզպետարանից: Հակառակ դեպքում անչափ տարակուսելի են թվում վերջին շրջանում մարզպետարանի կողմից կատարված գնումները և հատկապես՝ գնացուցակը:
Օրինակ, անգամ ԱԺ-ն իրեն այս ընթացքում թույլ չի տվել գնել շուրջ կես միլիոն դրամի գրասենյակային գույք, ինչը չես ասի Լոռու մարզպետարանի մասին: Ծառայողական մեքենաների ավտոպարկի նվազումն անգամ չազդեց, որպեսզի Լոռու մարզպետարանում փոքր ինչ խնայող դառնան՝ մի քանի ամսում մարդատար ավտոմեքենաների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների վրա ծախսվել է շուրջ մեկ միլիոն դրամ: 360 հազար դրամանոց աթոռներն էլ, որոնք ձեռք է բերել Լոռու մարզպետարանը՝ նույնպես գնային առումով վստահություն չեն ներշնչում, իհարկե, եթե աթոռները ոսկուց չեն: Այսքանով հանդերձ՝ մարզպետը գերանը փնտրում է այլոց աչքերում: Կամ, եթե վերջինս այդքան վճռական է տրամադրված նախկին համակարգին բնորոշ բարքերը մարզից արմատախիլ անելով և հենց դրանով է պայմանավորում դպրոցների մի շարք տնօրենների հանդեպ իր՝ ոչ իրավաչափ քայլերը, ապա արդյո՞ք հովանավորչություն չէր առանց դիպլոմի օգնականի աշխատանքի ընդունելը, կամ դպրոցի տնօրենի պաշտոնում քոլեջի դասընկերուհուն նշանակելը…