«Փաստինֆո»-ն  զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:

Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։

Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ  և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։

Ի՞նչն է նման վստահության պատճառը։

 

Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք,  ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։

Բոլոր դեպքերում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց։

 

Կրկնում եմ՝ գործը օդից վերցված է, և ներկայացված մեղադրանքը հանգիստ կարող է ժխտվել անգամ լրագրողական հետաքննության միջոցով։

Ինչ վերաբերում է իմ անելիքներին, ես հնարավորինս կօժանդակեմ իմ ընկերների և գործընկերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև արդարության ու ողջամտության հաղթանակին։ Ու ոչ միայն նրանց դեպքում։ Մեր հասարակությանը նորից կանգնեցնում են երկընտրանքի առջև՝ արժեհամակարգ, թե իշխանության իրավիճակային շահեր։ Փաստ է, որ Հայաստանում առկա է իշխանության ու հասարակության արժեքների ու շահերի հակասություն, առկա է երկակի ստանդարտների կիրառություն, ոչ ադեկվատ, ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններ։ Ցավալի է, որ այս պահին «ժողովրդի պահանջի» անվան ներքո կատարվող ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում ավանդական իրավապաշտպանների ու արտաքին գործընկերների անտարբերության և լռության պայմաններում։ Կարծում եմ՝ մեր երկիրը և համայն հայությունը վտանգավոր զարգացումներից հետ պահելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ արդիականացման գաղափարի խեղաթյուրումը և իշխանության կողմից «նպատակը արդարացնում է միջոցները» մոտեցման համատարած կիրառումը մոտակա ամիսների ընթացքում կարող է հասցնել մի վիճակի, որն ընդունված է անվանել «point of no return»  (անդառնալիության կետ), և կհայտնվենք փակ շղթայի մեջ, որի պայմաններում այլևս բարդ կլինի իրացնել մեր ազգային շահերը՝ սոցիալ-կենցաղային պահանջներից մինչև ազգային անվտանգություն։