Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կասի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի գործի մասին, քանի որ մամուլը գրել էր, որ նա խուսափել էր եկամուտները հայտարարագրել, ասաց․ «Դուք ենթադրում եք, որ այդ քրգործն առնչվում է Լիլիթ Հովհաննիսյանի՞ն»։
Դիտարկմանը, թե մամուլն է գրում այդպես, Անանյանը պատասխանեց․ «Դե ուրեմն մամուլին էլ հարցրեք»։
Հարցին, թե գործի քննությունն ի՞նչ փուլում է գտնվում, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Գործը նախաքննության փուլում է և քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող ո′չ հերքել, ո′չ հաստատել, դուք տվեցիք Լիլիթ Հովհաննիսյանի անունը, ես ընդհանրապես իրավունք էլ չունեմ որևէ ձևով արտահայտվեմ, որպեսզի դուք հետևություններ չանեք»։
Դիտարկմանը, թե հնարավոր է այդ քրգործի շրջանակում ձերբակալեն այդ երգչուհուն․ «Դրանք պրոցեդուրաներ են, որ քննությունը ցույց կտա»։