Կառավարության նիստում այսօր քննարկվում էր Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում Հայաստանի գրանցած հետընթացի պատճառները:  Նշված զեկույցում Հայաստանի դիրքը վատթարացրել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի մասին զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, ով վստահեցնում է, որ Doing Business-ի ցուցանիշը երկրի՝ միջազգային մակարդակում տնտեսական մրցունակության կարևոր ցուցանիշ է, որը միշտ հաշվի են առնում օտարերկրյա ներդրողները. «Զեկույցի հեղինակներն ուսումնասիրում են տվյալ երկրում բիզնես վարելու հնարավորությունը, ընդհանուր ցուցակում երկրի վարկանիշը որոշվում է բազմաթիվ գործոններից ելնելով: Գնահատվում են բոլոր այն բնագավառները, որոնք կարևոր են տվյալ երկրում ներդրումներ իրականացնելու, տնտեսվարելու և նաև շահույթ ստանալու իմաստով»:

Տնտեսագետի կարծիքով՝ ամբողջ աշխարհում ներդրումային միջավայրը բարելավելու տեմպերն արագանում են, Հայաստանում՝ ոչ այնքան. «Միջազգային շուկայում մեծ մրցակցություն կա ներդրումներ ներգրավելու իմաստով: Զարգացող երկրներն  իրենց տնտեսական բարեփոխումներն ուղղում են օտարերկրյա ներդրողներին գրավելուն:  Հայաստանում բարեփոխումների տեմպերը շատ դանդաղ են, մենք հաճախ հետ ենք մնում մրցակցությունից: Իսկ տեմպն իրոք կարևոր գործոն է»:

 

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի գնահատականի վրա բացասաբար ազդած հիմնական ցուցիչը բորսայի կայացածվածության մակարդակն է՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկան կայացած չէ, դա փաստ է: Սա բարդացնում է մեր տնտեսությունում ներդրումներ կատարելու գործընթացը: Վերջին տարիներին այս ուղությամբ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել: Եվ ունենք փաստ այն մասին, որ արժեթղթերի  շուկան շարունակում է չկայացած մնալ, այն դեպքում, երբ մեր տնտեսությունն ունի այդ շուկայի օբյեկտիվ պահանջը, որովհետև այն ռեսուրսներ ներգրավվելու կարևոր ուղղություններից է»:

Ավետիսյանի կարծիքով՝ արժեթղթերի շուկայի ինստիտուտի կայացում է պահանջում նաև ներկա կառավարության շեշտադրման տակ դրված  ներառական զարգացման ուղղությունը:

 

«Սրա միջոցով նաև հանրությանը կտանք հնարավորություն իր  ներդրումներն ու խնայողությունները ծառայեցնել տնտեսության զարգացմանը: Սա ձեռնտու է թե՛ բիզնեսին, թե՛ քաղաքացուն որպես եկամտի կայուն աղբյուր,  նաև երկրին օգնում է տնտեսական զարգացման տեսանկյունից»,- նշում է տնտեսագետը:

Այն հարցին, թե արդյոք երկրի ներքին քաղաքական վիճակը կարող է ազդել Doing Business-ի մեր ցուցանիշի վրա, պատասխանեց. «Իհարկե, ազդում է, որովհետև հաշվի են առնվում երկրում գործող կարգավորումները, հարկային համակարգը, թույլտվությունների ինստիտուտը: Քաղաքական ռիսկերը հաշվի են առնվում տնտեսական ռիսկի մեջ, և այո՛, քաղաքական կայունությունն ու անկայունությունը իրենց չափով ազդեցություն են ունենում բիզնեսի հավաքական ցուցանիշի վրա»:

Նշենք, որ ՀԲ զեկույցում ներառված են 190 երկրներ։

 

Հայաստանն արդեն 2-րդ տարին է` վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում:

Հարևան երկրներից ամենալավ դիրքում Վրաստանն է` 7-րդ տեղում, Թուրքիան՝ 33-րդը, Իրանը՝ 127-րդը:

ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը 25-րդն է, Ռուսաստանը՝ 28-րդը, Բելառուսը՝ 49-րդը, Ղրղըզստանը՝ 80-րդը։