ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողները հետաքրքրվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ինքը հավակնում է դառնալ պաշտպանության նախարար: Մամուլում պարբերաբար այդ մասին հրապարակումներ կան:
 
«Ես ուժային կառույցների ղեկավար կազմի մեջ եղել եմ, երբ որ եղել եմ 29 տարեկան: Եվ պարբերաբար եղել եմ մինչև Վազգեն Սարգսյանը վարչապետ էր: Հոկտեմբերի 27-ից հետո ես ուժային կառույցների մեջ լինելու որևէ ցանկություն չեմ ունեցել, որովհետև ուժային կառույցներն ու այն ժամանակվա իշխանությունը լրիվ այլ խնդիր էին լուծում, հոկտեմբերի 27-ի կրակահերթը մեր երկրի քաղաքական հեռանկարը կտրեց: Եվ ես եղել եմ ընդդիմության մեջ, մինչև անցյալ տարի ձեր երիտասարդ սերունդը իրացրեց այն հնարավորությունը, որը մեր սերունդը պարբերաբար փորձել էր անել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանը ուզում է ասել, որ ինքը բնավ էլ դեմ չէ վերոնշյալ պաշտոնը ստանձնել, ավելին՝ իր փորձը և անցած ուղին կարող են նպաստել այդ պաշտոնում հաջող աշխատելուն: Ընդ որում, նախկինում Քոչարյանն այսչափ ամբիցիոզ չէր, թերևս նրան ոգեշնչել է Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին վերևներիս տարածված ֆեյք-նյուզը և չնայած այն հանգամանքին, որ հասարակության միանշանակ բացասական ռեակցիան ստիպել էր իշխանություններին նահաջնել՝ Քոչարյանը հայտնում է, որ ինքը դեռ խաղի մեջ է:
 
Ինչպես հայտնի է, Անդրանիկ Քոչարյանի ուսերին են դրված Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները: Այդ աշխատանքների համար նրան մանդատ և վեց ամիս տվել է ԱԺ-ն և, չնայած Քոչարյանը ավել ժամանակ է պահանջում, ըստ որոշ տեղեկությունների՝ «Իմ Քայլին» արդյունքները պետք են հիմա: Իսկ արդյո՞ք կան այդ արդյունքները: Ի՞նչ է պարզել անցած 4 ամիսների ընթացքում Քոչարյանը, որ այսօր նման ամբիցիաներ է դրսևորում: Օրինակ, ինչո՞ւ հանձնաժողովը ոչ մի կերպ չի հասնում Սերժ Սարգսյանին: Պարզվում է՝ մեր երկրում անգամ Նաիրի Հունանյանը ասելիք ունի, իսկ տաս տարի երկիրը ղեկավարած անձը, ըստ Քոչարյանի, ասելիք չունի՞: Թե պարզապես Սերժ Սարգսյանին հարցաքննելու «դաբրո» չկա և դա է հետ պահում Քոչարյանին սուրբ պարտականությունները հավուր պատշաճի կատարելուց:
 
Պարզից էլ պարզ է, որ եթե մոտ ամիսներին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը չտա արդյունք, դրանից հետո նա մտածելու է ոչ թե ՊՆ ղեկավարի աթոռը զբաղեցնելու, այլ ԱԺ-ում արդեն իսկ զբաղեցրած աթոռը պահպանելու մասին, քանի որ ցանկացած տապալում առաջին հերթին հարվածելու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ն հանգիստ խղճով երկու ամսից կարող է զոհաբերել Անդրանիկ Քոչարյանին: