Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանի վիճակը ստաբիլ ծանր է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ այրվածքաբանական բաժանմունքի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Ամբողջական ապաքինման մասին դեռ շուտ է խոսել: Դրական տեղաշարժ ունենք: Հիվանդը խոսում է: Ճիշտ է, հրդեհի վերաբերյալ հարցեր չենք տալիս, քանի որ դա լրացուցիչ սթրես է նրա համար»,- ասաց Բաբայանը:
Նա նաև նշեց, որ հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի հրշեջը հնարավորինս շուտ ապաքինվի:
Հիշեցնենք, որ այրվել էր հրշեջի մարմնի մակերեսի 40 %-ը և շնչուղիների՝ 10 %-ը: Ընդհանուր այրվածքային մակերեսը 50 % էր: