Ասում են՝ կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Կոմիտաս» քանդակը ջարդեցին Խորհրդային Հայաստանում, նա հեռացավ այստեղից, սակայն «Անկախ Հայաստան» նա ցանկացավ վերադառնալ իր «Քայլող մարդը» արձանով: Քանդակագործի «Քայլող մարդը» արձանը Երևանում տեղադրելու ուղղությամբ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ այս պահին արձանի տեղափոխումն իրականացնելու հաշվարկներ են կատարվում․ «Արձանը փոքր չափի է, մենք ուզում ենք տեղադրել առավել մեծ չափի արձան։ Վերաձուլման պրոցես պետք է կատարվի։ Ընդհանրապես, Արտո Չաքմաքչյանի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերն են քննարկվում»,- նշեց նա։
 
Картинки по запросу արա խզմալյան
 
Հարցին, թե որ տեղանքներում տեղադրելու վերաբերյալ են քննարկումներ անցկացում, Խզմալյանը պատասխանեց․ «Տարբերակներ կան, բայց չեմ շտապի դրանք ասել։ Երբ վերջնական որոշումը լինի՝ կասենք։ Նա մեր այնպիսի քանդակագործներից է, որի գործը չի կարող դրվել իրեն ոչ հարիր վայրում։ Կարծում եմ՝ այն պետք է լինի կենտրոնական հատվածներից մեկում։ Թողնենք գաղտնի՝ գուշակեք, թե որտեղ կարող է լինել քանդակը։ Քննարկման ժամանակ եկանք այն եզրահանգման, որ ժամանակակից քանդակագործության պակաս կա մեր քաղաքում։ Գիտենք նաև, որ շատ անհաջող գործեր ունենք, որոնք տեղադրված են։ Սակայն, Արտո Չաքմաքչյանի քանդակների տեղադրումը մեր քաղաքին կտա գեղարվեստական նոր դիմագիծ և քանդակագործական պատկերի փիլիսոփայություն»,- ասաց Խզմալյանը։ 
 
Արդյո՞ք հաշվարկներ արվել են, որքա՞ն գումար է անհրաժեշտ նախաձեռնությունն իրականացնելու համար հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ դեռևս մեկնարկային փուլն է և նոր են մտել հաշվարկային գործընթացի մեջ, ուստի հստակ որևէ բան ասել չի կարող։ 
 
Համացանցային քննարկումներից պարզ է դառնում, որ մարդկանց մոտ թյուրիմացաբար է ընդունվել «Քայլող մարդը» արձանը։ Ոմանք այն ասոցացնում են հեղափոխության օրերին կերտված և Նիկոլ Փաշինյանին պատկերող ուսապարկով արձանի հետ։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ արդյոք այն խորհրդանշելու է Հայաստան տեղի ունեցած հեղափոխությունը․ «Այդ արձանը ստեղծվել է հեղափոխությունից տասնամյակներ առաջ և հեղափոխության հետ կապ չունի։ Արձանը հեղափոխության կոնտեքստում չի բերվում Հայաստան, մենք մեր արվեստագետի վաղեմի ցանկությունն ենք փորձում իրականացնել։ Սակայն, օբյեկտիվ իմաստով այն ձեռք կբերի որոշակի սիմվոլիկ նշանակություն և կհատկանշի փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր երկրում։ Հատուկ նպատակ չկա կապել հեղափոխության հետ»,- նշեց փոխնախարարը։ 
 
Ըստ Խզմալյանի՝ արձանի խորհրդանշումը յուրաքանչյուրը կարող է սուբյեկտիվ ընկալել և արվեստում չի կարող լինել միանշանակ բացատրություն։ 
 
Նկատենք, որ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը տարիներ առաջ նախատեսվել էր տեղադրել Հյուսիսային պողոտայում, բայց քաղաքական նկատառումով որոշումը կասեցվել էր, քանի որ այն կարող էր ասոցացվել 2008-ից հետո պողոտայում անցկացվող հայտնի «քաղաքական զբոսանք» ակցիայի հետ: Սակայն հիմա էլ, չնայած հակառակ պնդումներին, այն կապվում է թավշյա հեղափոխության հետ: