Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում բավական սուր ելույթներ է ունենում, որոնցով իշխանություններին խորհուրդ է տալիս, թե ինչ պետք է անել։
Նրա խոսքով՝ եթե չեն ցանկանում իրեն տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, ապա կարող է չզբաղեցնել այն․ «Եթե իշխանությունները համաձայն չեն ինձ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել ինձ և ասել, որ չեն կարող աշխատել միասին։ Նույն պահին ես դուրս կգամ», - ասաց Մանուկյանն՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով Վազգեն Մանուկյանին ազատել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։
Մանուկյանը նշեց՝ քանի որ այդպիսի հարցեր են առաջացել, հնարավոր է մոտ օրերս հանդիպի վարչապետին․ «Կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք հետագա գործունեությունն իմաստ ունի, թե՞ ոչ», - ասաց Հանրային խորհրդի նախագահը։