Երեկ՝ հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման արաւրոությունը, որի ընթացքում հայտարարվեցին այս տարվա հաղթող ֆիլմերի անունները:

Այսպիսով՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»:

Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»: Հատուկ հիշատակման արժանացան Բրունո Քոլեթի «Հիշարժան»-ը և Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիվը», առանձնահատուկ հիշատակման՝ Թոմաս Ռենոլդների «Չգիտեմ ինչ»-ը:

Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր անվանակարգում հաղթեց Նաթանիել Լիմի և Կլեմանց Մադլեն-Պերդրիլայի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը: Հատուկ հիշատակման արժանացավ «Բեղմնավորում. Քեթի + Ջեն»-ը (Moth Studio):

Ավարտական ֆիլմեր անվանակարգում լավագույն ֆիլմ ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Սաշա Վասիլևի «Ողջույն, սիրելիներս»-ը:  

Երաժշտական հոլովակների անվանակարգում հաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Վերոնիկա Ստեփանյանի և Լուսինե Պետրոսյանի «Սերունդները երաժշտության մեջ»-ը:  

Լավագույն հայկական անիմացիա՝ Լև Ատամանովի անվան մրցանակ, ստացավ «Քուչա»-ն (Yelling Studio):

Սփյուռքի լավագույն ֆիլմ ճանաչվեց Արսեն Արզումանյանի «Թռչունների բովը»:

Փառատոնի այս տարվա հյուր, ռեժիսոր Հյու Վելչմանին հանձնվեց Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը, որը տրվում է լավագույն գեղագիտական լուծում տված կինոյին: Այս մրցանակը «Վան Գոգի կրքերը» կինոնկարը շահել էր դեռևս 2017-ին: Ի դեպ, արարողության ժամանակ Վելչմանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր ապագա ֆիլմի կադրերը, որոնք որևէ այլ երկրում դեռևս չեն տեսել: Նշենք, որ Վելչմանը ստեղծագործում է նաև այլ նախագծի վրա, որտեղ պետք է օգտագործվեն նաև հանրահայտ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատկերները.այդ նպատակով նա հասցրել էր այցելել նաև Հայաստանի ազգային պատկերասրահ:

Փառատոնի շրջանակում, ինչպես և նախորդ տարիներին, անցկացվեցին վարպետության դասընթացներ եւ սեմինարներ:

Այս տարի վարպետության դասեր անցկացրին «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելչմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա) և այլք:

 

 NEWS.am STYLE