Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցում էր 2020թ-ի պետբյուջեի նախագծի քննարկմանն ԱԺ-ում: Նրա և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի միջև բանավեճ սկսվեց, երբ պատգամավորն անարդյունավետ համարեց պոլիկլինիկաներում հիվանդներին տրվող դեղերը:
«Օրինակ՝ սրտանոթային հիվանդին երկու դեղ են տալիս, երբ մի դեղ կա, որ երկուսն էլ պարունակում է: Ծախսարդյունավեության խնդիր ունենք, պետությունը ծախս է անում ու դրանք անարդյունավետ են, չեն օգտագործում»:
Նախարարն ի պատասխան նշեց, որ մեկի փոխարեն երկու դեղ խմելը գուցե մի քիչ անհարմար է, բայց անարդյունավետ լինել չի կարող:
«Հիվանդները հարմարության մասին չեն մտածում, մտածում են առողջության մասին: Բացի այդ քիմիական անվանումով այդ դեղերը պետք է արվեն: Մյուս կողմից դեմ չեմ, եթե բրենդային դեղեր տանք, բայց դրա համար մեր 1,5 տոկոսանոց ՀՆԱ-ից առողջապահության բյուջեն պետք է դարձնենք 4 տոկոս, օրինակ»:
Նախարարն ասաց, որ ինքը ևս կողմ կլիներ, որ ընդհանրապես բրենդային դեղեր գնվեին, և ոչ թե քիմիական, բայց իրեն թույլ չեն տա դա անել. «Իհարկե, պարոն Ջանջուղազյանը թույլ չի տա, որ դա տեղի ունենա, հեռվից ուշադիր խեթ հայացքով նայում է ինձ, պետք է տեղավորվենք սահմանաչափերի մեջ, որ ունենք»:
Ծխախոտն ու աղը սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառն են, պնդեց Առողջապահության նախարարը. «Մենք նորմայից երկու անգամ ավելի շատ ենք աղ օգտագործում Հայաստանում: Նաև մեծ քաշն ու թերակտիվությունն են խնդրի պատճառ դառնում մեզ մոտ»:
Լուսինե Բադալյանն այս հայտարարությանն ի պատասխան՝ ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ եթե ամբողջ ազգը ծխելը թարգի, մենք ոչ մի հիվանդություն չենք ունենալու, Ֆինանսների նախարարությունը Առողջապահության նախարարության համար գումարներ հատկացնելու խնդիր չի ունենալու»:
Նախարարի պատասխանը չուշացավ. «1900 դեպք է լինում թոքի քաղցկեղի, 9 անգամ դեպքերի թիվը կքչանա, եթե ձեր ասած տարբերակով ոչ մեկը չծխի, տարեկան 200 դեպք է լինելու, համեմատելի չի, էլի»: