Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը:

«Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ճանաչման հարցը բարձրացնի միջազգային հանրության առջև՝ հասնելու բազմակողմ ճանաչման: Նա պետք է կարողանա միջազգային պաշտպանություն ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որին ցեղասպանության վտանգ է սպառնում»,-նշում են քաղաքական ուժի կայքում:

Կոմկուսն իր հաղորդագրությունը վերնագրել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության ապահովումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հիմքն է» և դրանում խոսել նաև ադրբեջանական ագրեսիայի, 2016թ. ապրիլյան պատերազմի ու հարձակման մասին՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ էլ հավակնություն է ունեցել մի տարածքի նկատմամբ, որում ապրում ու իրենց ապագան կերտում են հայերը: «Հայ ժողովուրդը հսկայական զոհողությունների գնով ցույց է տվել ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Ֆրանսիացիներն ու հայերը ունեն բարեկամության և համերաշխության երկար ավանդույթ»,-նշում են Կոմկուսում: