Սեպտեմբերի 17-ի երեկոյան Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա ՄԽիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն կենդանության որոշակի նշաններ է ցույց տվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Ճշտող հարցին՝ այսինքն այն վիճակում չէ՞, որ կարողանա հարցաքննության ենթարկվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, նա դեռ խորը ճգնաժամի մեջ է, պարզապես թեթևակի լավացում է եղել, աչքը, շուրթն է շարժել, բայց նա դեռ կոմայի մեջ է»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ևս ասաց, որ փոխգնդապետի առողջական վիճակն այնպիսին չէ, որ կարողանա հարցաքննվել ու մանրամասներ պատմել դեպքից։ Սակայն նշեց նաև, որ քննչական պլանով նախատեսված են մի շարք գործողություններ: Ինչ վերաբերում է Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, ապա նա, Հարությունյանի խոսքով, կասկածյալի կարգավիճակ չունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցծ վիճաբանության հետևանքով անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:

 

Դեպքի առնչությամբ կալանավորվեցին մարզպետի օգնականն ու նրա եղբայրը՝ Հարություն և Զավեն Գրիգորյանները: Թեև փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին իր մասնակցությունը նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է, սակայն այն ստուգելու նպատակով Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները: Նշենք նաև, որ այս դեպքերին հետևեց Տրդատ Սարգսյանի հրաժարականը, իսկ երեկ՝ մարզպետի պաշտոնում նրան փոխարինեց Արարատ Գրիգորյանը, ով ըստ մամուլի հանդիսանում է փոխգնդապետին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված արդեն նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։

Սոնա Հարությունյան