Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է  «Ստամբուլյան կոնվենցիան», որը հասարակությանը երկու մասի է բաժանել:  2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարության կողմից  հավանության արժանացած կոնվենցիան մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, ստորագրվեց Ստրասբուրգում: 

Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիան» ստորագրեց, բայց չվավերացրեց, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։

Հասարակության այն մասը, որը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, պնդում է, որ այն հակասահմանադրական է, նաև հակասում է մեր ազգային արժեքներին: Որքանով են այս փաստարկները համապատասխանում իրականությանը՝ պարզաբանում է փաստաբան Արա Ղազարյանը:

«Երբ մենք ԵԽ անդամ էինք դառնում,  մեր առաջ  մի շարք պայմաններ էին դրված՝ ներքին օրենքներ փոփոխել, ընդունել այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք, և այլն և այլն: 20 տարի առաջ էր դա, և այդ ժամանակ էլ այս նույն խոսակցություններն էին, նույն բողոքի ալիքը, բայց մենք, այնուամենայնիվ, դարձանք ԵԽ մասնակից: Ընդդիմադիրները նորից ասում էին, որ դա մեր արժեքներին դեմ է, մեր ազգին պետք չէ: Քսան տարի է անցել, հիմա ես հարց ունեմ, ինչ որ կերպ վնասվե՞լ են մեր ազգային արժեքները, հասարակական կյանքը կամ Հայաստանի ապագան, ոչ, չեն վնասվել»:

 

Այն հարցին, թե ինչքանով են հակասում կոնվենցիայի դրույթները մեր սահմանադրությանը, Ղազարյանը պատասխանեց. «Հնարավոր չէ, որ այս կոնվենցիան լինի հակասահմանադրական, եթե կոնվենցիան հակասահմանադրական ենք ճանաչում, պիտի հակասահմանադրական ճանաչենք նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մենք ամեն օր կիրառում ենք մեր դատարաններում: Ես անլուրջ եմ համարում կոնվենցիայի դեմ սկսված շարժումը, և գրեթե վստահ եմ, որ ընդդիմախոսները չեն կարդացել կոնվենցիան ամբողջությամբ, որովհետև, եթե կարդացած լինեին, կհասկանային, որ իրենց մտահոգությունները, ընդամենը, մեկ հոդվածի շուրջ են: Բայց պետք է հասկանալ, որ ընտանիք միայն չի նշանակում կնոջ և տղամարդու ամուսնական միասնություն, domestic բառը նշանակում է տնային: Այսինքն՝ սա կոնվենցիա է տնային բռնության, ոչ թե ընտանեկան բռնության մասին: Մեզ մոտ ընտրվել է ընտանեկան բառը, որպեսզի ընկալվի, որ նկատի ունեն տան ներսում ապրող բոլոր մարդիկ՝ քույր, եղբայր, հորաքույր, քեռի և ոչ թե միայն կին և ամուսին»:

Ղազարյանի խոսքով՝ կոնվենցիան  չվավերացնելու դեպքում Հայաստանը ԵԽ-ում խնդրի առաջ կկանգնի. անհամատեղելի է լինել ԵԽ անդամ և չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Եվրոպայի խորհրդում մենք խնդրի առաջ կկանգնենք, կնշանակի, որ մենք չենք ընդունում Եվրոպական արժեքները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է լքենք ԵԽ-ն: Մենք չենք կարող լքել ԵԽ-ն, հետևաբար, այսպես թե այնպես՝ պիտի վավերացնենք «Ստամբուլյան կոնվենցիան»:

 

Արա Ղազարյանի պնդմամբ՝ կոնվենցիան ստորագրելը իրավիճակը չի փոխում. «Ստորագրելը քաղաքական գործընթացն է, վավերացնելն՝ իրավական: Սկզբունքորեն պետությունը կարող է չվավերացնել կոնվենցիան, այդ դեպքում պետությունը պիտի մտածի ռեգիոնալ այդ կառուցակարգի մեջ ինքն անելիք ունի, թե՞ ոչ»:

Թե ինչի կհանգեցնի, եթե որոշվի, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու Հայաստանում, Ղազարյանն ասաց.

 

«Ըստ ընթացակարգի հարցը կմտնի ԵԽԽՎ օրակարգ, ԵԽԽՎ-ն կքննարկի ու հավանաբար կորոշի սառեցնել մեր պատգամավորների լիազորությունները, այնպես ինչպես, որոշեց սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը մի քանի տարի Ղրիմի դեպքերից հետո»:

Աիդա Կիրակոսյան