Հայաստանյան նախարարությունները մոտենում են մի շրջանի, երբ պետք է մեկը մյուսի հետևից հանրությանը ներկայացնեն իրենց մեկ տարվա հեղափոխական աշխատանքի պտուղները: Հանրությունն էլ շունչը պահած սպասում է հասկանալու համար՝ մեկ տարվա մեջ հպարտ նախարարները ի՞նչ են հասցրել անել, բացի, իհարկե, սեփական սոցիալական դրությունը կտրուկ բարելավելուց:
Փորձենք միջանկյալ ամփոփել Հայաստանի՝ թերևս ամենա «սորոսականացված»՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքները: Դժվար թե գտնվի մեկը, ով միանշանակ կպնդի, թե նախարարությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները, իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիների սոցիալական խնդիրները ռեալ լուծում են ստացել: Նախարարությունը իր տարեկան հաշվետվության մեջ, թերևս, չպետք է մոռանա զետեղել այն հանգամանքը, որ պաշտոնը ստանձնելու պահից սկսած մինչ օրս նախարար Զարուհի Բաթոյանն առավելապես լծված է եղել նախարարության ներսում կադրային «ռազբորկաները» կարգավորելով և Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզով, երրորդ սեռի վարչության հիմնարկեքով, մանկատներ և գիշերօթիկներ փակելով, ինչի պատճառով էլ քաղաքացիներն արդեն իսկ նախարարի հրաժարականի հրապարակային պահանջ են հնչեցնում:
Նախարարությունը պետք է պարզաբանի նաև, թե ի վերջո ի՞նչ բացահայտվեց Փարոս ծրագրի տակը քրքրելու արդյունքում. կա՞ր համատարած կոռուպցիա և միլիոնների յուրացում նախկինների կողմից, ծրագրով կազմված ցանկերը ճշգրտվե՞լ են, թե Նոր Հայաստանում էլ օլիգարխները կարող են օգտվել սույն ծրագրից, իսկ իրական շահառուները՝ կոռուպցիայի պատճառով դուրս մնան: Կոռուպցիոն բացահայտումների մասով էլ նախարարությունը, ինչ խոսք, թերացել է: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սոցապը համարում էին կոռուպցիայի որջ, ամենակոռումպացված նախարարությունը Հայաստանում, սակայն նոր կաբինետի պարագայում, կարծես թե, բոլոր մեղադրանքները «ջրվեցին»՝ պետական բյուջե վերադարձվող գումարների ծավալները, ոլորտում բացահայտումները խայտառակ ցածր ցուցանիշներ են արտացոլում: Ի՞նչ է ստացվում. նախկինում այսօրվա հեղափոխականները պոպուլիզմո՞վ են զբաղվել, թե կոռուպցիան այսօր էլ կա համակարգում, պարզապես դրա շահառուները այլևս հենց իրենք են…