Չի կարելի ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքն անվանել սատանիզմ: Այս մասին այսօր' նոյեմբերի 4-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» ֆուտուրիստական միջոցառմանը:

«Նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք է անում՝ կպցնում են սատանիստներ, իսկ էդ ի՞նչ է այդ սատանիստները, մեկը կարո՞ղ է բացատրել, օրինակ, Հայաստանում տեղյա՞կ եք, որ կան հեթանոսներ. հիմա ի՞նչ անենք այդ մարդկանց, նույնիսկ մարդիկ կան այդպես հարսանիք են անում, թույլ չտա՞նք այդ մարդկանց Հայաստանում ապրել։ Մեր ներկայացումները գրաքննում ենք, այսպես մենք կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի։ Խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի: Եղիշե Չարենց են ասում, Չարենցի մասին խոսող մարդիկ գիտեն, թե Չարենցը գրել է միայն «Ես իմ անուշ Հայաստանի»-ն... Մենք գծենք, ասենք՝ էս ա Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին բան ասեց, սատանայապաշտ է, ազգադավ է»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով' Հայաստանում մտքի համար կաղապարներ չպետք է լինեն։ «Մինչև 90-ականների կեսերը Հայաստանում շատ մարդիկ մտածում էին, թե «06»-ը աշխարհի ամենալավ ավտոմեքենան է, կային մարդիկ, որոնց հետ հնարավոր չէր այս թեմայով վիճել։ «06»-ի մասին մի բան ասեիր՝ կթշնամանային հետդ, կասեին՝ դու ո՞վ ես արա, որ «06»-ին բան ես ասում, «06»-ի նման ավտո կա՞ երկրագնդի վրա. Էդ ի՞նչ են էդ պլաստմասե թղթերը, մեքենան պիտի «24»-ի նման լինի, որ 5 տոննա չուգունը վրեն լինի՝ տեղից չկարողանա շարժվել։ Ես էլ եմ ժամանակին այդպես մտածել։ Ես ունեցել եմ «06»։ Իմ պատկերացումը փոխվեց, 2000-ականներն էր, Շահումյանի արձանի դիմաց՝ հրապարակում վթար էր տեղի ունեցել, «TOYOTA» և «ГАЗ-31» մակնիշներն էին բախվել։ Տեսա, որ «TOYOTA»-ն թեթև վնասվել էր, իսկ «ГАЗ-31»-ը ճզմվել էր. դա ինձ համար մշակութային շոկ էր»։