Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV-ին: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-չինական համագործակցության հեռանկարներին տարբեր ոլորտներում:
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Չինաստանը նշանակալի հարաբերություններ ունեն՝ հույս հայտնելով, որ դրական քաղաքական հարաբերությունները կհանգեցնեն իրական տնտեսական հարաբերությունների հաստատմանը:
Անդրադառնալով Չինաստան այցի ընթացքում իր օրակարգին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ այցի ընթացքում կփորձի հասկանալ, թե ինչպես կարող են ՀՀ-ն ու Չինաստանը զարգացնել համագործակցությունը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության ոլորտներում:
Ավինյանն ընդգծել է, որ չինական ընկերությունների համար Հայաստանը հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը որոշակի ներուժ ունի:
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը լինելու է Իրանն ու Վրաստանը միմյանց կապող բարձրորակ ավտոմայրուղի:
Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ: