«Դատավորը խորհրդակցական սենյակում պետք է մտածի միայն միջնորդությունը հիմնավոր է, թե ոչ։ Բացի օրենքները, ՄԻԵԴ-ի վճիռները, իսկ այս դեպքում մտածում է, թե իր հետ ինչ կլինի, եթե բավարարի մեր միջնորդությունը. քրեական գո՞րծ կհարուցեն, թե՞ կգան դատարանը կփակեն, կամ մինչ օրս չեղած մի բան կանեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Նա նշեց՝ մինչ օրս ցանկացած դատավոր, որը Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում է կայացրել, իրենց միջնորդությունը բավարարել է՝ ճնշումների է ենթարկվել․ «Դատական համակարգի հանդեպ աննախադեպ բնույթի, աննախադեպ դրսևորումներ են եղել, որոնք իր կարծիքով ոչ միայն Հայաստանում երբևէ չեն եղել, այլև ամբողջ աշխարհում»,- նշեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը բարձրացնելիս միջնորդել էին գրավ կիրառել, դատարանը հերքել էր դատախազների պատճառաբանությունները՝ ասելով, որ թաքնվելու հավանականությունը բացակայում է․ «Դատարանը նշել էր, որ կա խոչընդոտելու հնարավորություն, բայց այդ հավանականությունը նվազել է։ Դրանից հետո դատարանն անդրադարձել էր գրավ կիրառելու խնդրին և ասել էր, որ մեր օրենսդրությունը և Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները թույլ չեն տալիս, որպեսզի այն դեպքում, երբ կա խոչընդոտելու հավանականություն, ապա այդ դեպքում կիրառվի գրավ»,- ասաց Ալումյանը։