Արդարադատության նախարարությունը համարվում է Նոր Հայաստանում իրավական-ժողովրդավարական մեխանիզմների ապահովման գլխավոր պատասխանատու գերատեսչություններից մեկը, սակայն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիաներից հետո ոչ իրավական գործընթացներն են մտել ժողովրդավարական փուլ, ոչ էլ ինքը ժողովրդավարությունն է զգալի առաջընթաց ապահովել: Դժվար է գտնել գեթ մեկ ոլորտային խնդիր, որը այս ընթացքում ռեալ լուծում է ստացել: Ինչպես գիտենք՝ արդարադատության ոլորտի ամենասուր խնդիրներից մեկը ՔԿՀ-ում տիրող իրավիճակն է, որը լուծելու համար նախարարությունը գնացել է ամենակարճ և թերևս ամենա ոչ էֆֆեկտիվ ճանապարհով՝ ՔԿՀ-ի պետերին փոխելով և համատարած կրճատումներով:

Իրականում տեղի է ունեցել միայն նախկինների փոխատեղում յուրայիններով, որոնք յուղոտ պաշտոններ են ստացել, իսկ խնդիրները ՔԿՀ-ում ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են չլուծված մնալ, քանի որ այս ողջ ընթացքում նախարարությունը ձեռնամուխ չի եղել համակարգային ռեֆորմների իրականացմանը: Ի դեպ, ռեֆորմների մասին: Նախարար Բադասյանը և վերջինիս սորոսական թիմը անչափ ակտիվ էին, հատկապես, իշխանությունների սրտին հաճո օրենսդրական փոփոխությունների նախագծեր մշակելու հարցում, այն էլ, պետք է փաստել, որ միջազգային իրավական հանրությունը, ավելի ստույգ՝ Վենետիկի հանձնաժողովը, մեղմ ասած, չի գնահատել Բադասյանի տիտանական ջանքերը և արդյունքում՝ Հայաստանին սպասում է կամ միջազգային իզոլյացիայի, քանի որ ժամանակակից աշխարհը չի կիսում դատավորների զոռբայությամբ թոշակի ուղարկելու գաղափարները, կամ էլ՝ լուրջ սանկցիաներ:

Արդրադատության նախարարության գլխավոր ձախողումը, սակայն, կարելի է համարել այն, որ այդպես էլ չհաջողվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտցնել «Ստամբուլյան կոնվենցիա»-ն, որի փիառով այսքան ժամանակ զբաղվել է նախարարությունը, ընդհուպ՝ նախարարի մակարդակով: 2020-ին Ռուստամ Բադասյանին լուրջ քննություն է սպասվում՝ ի դեմս սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, ինչպես նաև՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական մեխանիզմների հնարումը: Հնարումը, այն պարզ պատճառով, որ այսօրվա օրենսդրությամբ այդ պրոցեսը որևէ կերպ իրականացնել հնարավոր չէ, հետևաբար Բադասյանը դեռ հնարավորություն կունենա սպասարկելու իշխանության շահը, իսկ ոլորտի խնդիրները, թերևս հետևելով ինքնամաքրված Սևանի օրինակին՝ ինքնուրույն լուծվեն…