Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկեցինք Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից նախագծերի փաթեթը։
     Ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների՝ քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ էր։ Առանցքային հարցերից մի քանիսի շուրջ կոնսենսուս ձեռք բերվեց։
     Քանի որ փաթեթը մեծ կարևորություն ունի և հարցերն ու առաջարկները շատ էին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համաձայնությամբ որոշեցինք քվեարկությունը հետաձգել մինչև 2 ամիս ժամկետում։
     Սա մեզ հնարավորություն կտա ավելի հանգիստ, աշխատանքային ռեժիմում ի մի բերել ու մշակել բոլոր առաջարկները, քննարկել այն հարցերը, որ չհասցրեցինք, ու հանձնաժողովի հաջորդ նիստում ավելի էֆեկտիվ շարունակել մեր աշխատանքն ու որոշում կայացնել։
     Կփորձենք հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստական մասն ավարտել, և նախագծի վերաբերյալ հանձնաժողովի որոշում ունենալ մինչև նոյեմբերի վերջ։
     Վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք շատ ավելի լավ օրենք։
     Շնորհակալ եմ գործընկերներիս և, մասնավորապես, Արսեն Թորոսյանին՝ շահագրգիռ և առողջ քննարկման համար»: