Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իրավամբ համարվում է Նիկոլ Փաշինյանի կաբինետի «գորշ կարդինալներից» մեկը: Պապիկյանը հաջողացրել է զերծ մնալ տարատեսակ սկանդալների մեջ հայտնվելուց, ինչից չեն խուսափել նրա շատ ու շատ թիմակիցներ:
Սակայն, դա չի նշանակում, որ նախարարը չի աշխատել, այն էլ ինչպես է աշխատել: Ընդամենը վերջերս էր մամուլում տեղեկություն տարածվել, որ նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից:
Իրականում ի՞նչ է հասցրել անել այս մեկ տարվա ընթացքում նախարարը բացի իր քաղաքական թիմի շահը առաջ տանելուց: Արդարության համար Պապիկյանի աշխատանքի դրական արդյունքներից պետք է առանձնացնել մարզերին տրվող սուբվենցիաների ավելացումը և ճանապարհաշինական աշխատանքներին նոր որակի հաղորդումը, հարաբերականորեն հանգիստ անցավ՝ մարզպետարանների օպտիմալացումը, ինչպես նաև ՋԸՕ-ի ՝ իրավական դաշտ բերելը:
Նախարարի մեկ տարվա աշխատանքի բացերից կարելի է առանձնացնել այն, որ մարզերում անցկացվող ճանապարհաշինության տենդերներում դեռևս որոշակի կոռուպցիոն ռիսկեր են նկատվում, բացի այդ բավական դանդաղ տեմպերով են ընթանում ոլորտում կոռուպցիոն բացահայտումները՝ Հյուսիս-հարավի քրեական գործը չհաշված: Պապիկյանը շարունակեց նաև նախորդների քաղաքականությունը համայնքերի խոշորացման հարցում, մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից նախկինում այդ ծրագիրը անվանվել է «հակապետական»: Այսօր իրավիճակ է փոխվել նաև այս հարթության մեջ, նույնը կարելի է ասել նաև գյուղացիների չմշակվող հողերը դրսի ներդրողներին վաճառելու ծրագրի մասին, որի կոռուպցիան սկսել էր դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ շարունակում է այսօրվա կառավարությունը՝ Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ: