Կանադական Լեթբրիջ քաղաքում կայացած աճուրդում սև անգուս ցեղատեսակի կովը վաճառվել է 106 հազար դոլարով: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ կովին ցանկացել են ձեռք բերել կանադացի, մեքսիկացի և ամերիկացի ֆերմերները: Կենդանուն գնել է խոշոր եղջերավոր կենդանիների բազմացմամբ զբաղվող U2 Ranch ընկերությունը: Perlich Brothers աճուրդի տան ներկայացուցչի խոսքերով՝ սա ընկերության 52-ամյա պատմության մեջ ամենաթանկարժեք գնումն էր:

Կովը ձեռք բերած անձի՝ Դարեն Անգերի խոսքերով, աշխարհում նման նմուշները քիչ են, այս կենդանին յուրահատուկ է:

«Ես, իհարկե, գիտեի, որ մասնակիցներն ակտիվորեն կպայքարեն կենդանու համար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այն նման հետաքրքրություն կառաջացնի»,- հավելել է նա:

Կենդանու նման բարձր գինը պայմանավորված է լավ գենետիկայով: Նոր տերերը մտադիր են ընդլայնել էլիտար կովերի գլխաքանակը: