Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ներկա էր Աժ լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվում էր «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Կարծում եմ՝ ուշացրել ենք այս օրենքի քննարկումը, որովհետև բավական վաղուց էր խոսվում օրենքի բացերի մասին, հեղափոխությունն էլ եղավ բազմաթիվ կուտակված հարցերի պատճառով, որոնցից մեկն էլ հանցավորության աստիճանն էր և այդ հանցավոր շրջանակների ներգրավվածությունը հասաքաղաքական կյանքի տարբեր շրջանակներում՝ իշխանությունների թողտվության պատճառով»,- ասաց Բադասյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում օրենքի նախագծի առաջացրած թեժ քննարկմանը՝ Բադասյանն ասաց, որ բուռն քննարկման պատճառը ոչ ստանդարտ հարցի քննարկումն է` իր ոչ ստանդարտ լուծման եղանակով:
Կարևորելով օրենքի նախագծի ընդունումը` նախարարը պնդեց. «Այդ ենթամշակույթի խմբավորումների անձանց ազդեցությունը նկատելի ու զգալի է օրինակ` բանակում, դպրոցում, համալսարաններում, քրեակատարողական հիմնարկներում, այսինքն՝ ինքը լուրջ հետևանքներ է առաջացրել: Հենց սա է պատճառը, որ ամեն կերպ փորձում ենք օրենքն ընդունել»:
Լրագրողի այն հարցին, թե որքանով է օրենքը որոշակի և ինչպես են որոշվելու հանցանքի ու մեղավորության չափերը` նախարարը պատասխանեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից մեջբերելով՝ կորոշվեն: Ես զուգահեռներ տարա Վրաստանի օրենսդրության ձևակերպումների հետ, և եթե վրացական փորձը դիմացել է իրավական որոշակիության թեստին ՄԻԵԴ-ում, ապա ինչո՞ւ չպիտի դիմանա Հայաստանը: Այդ մարդկանց տարբերելու ձևեր կան, օրինակներ կան: Հիշեցնեմ, որ քրեական պատասխանատվությունը արարքի համար է, ոչ թե ինչ-որ կարգավիճակի»:
Նախարարը բացառեց, որ գործող պաշտոնյաներից որևէ մեկը քրեական հեղինակության հետ կապ ունի.
«Հիմա բացառված է, որ գործող որևէ պաշտոնատար անձ ներգրավված լինի կրիմինալ որևէ շրջանակի մեջ և դա նկատված չլինի, իսկ նախկին իշխանությունների օրոք, իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է եղել, նույնիսկ իրենք են անմիջական շփումների մեջ եղել, հավաքվել են, նստել, ջան ասել, ջան լսել»:
Ռուստամ Բադասյանը խնդրեց անիմաստ մեկնաբանություններ չտարածել օրենքի նախագծի վերաբերյալ. «Եթե, օրինակ, դպրոցական երեխաներից մեկը տարված լինի նման գրականությամբ կամ իրեն հետաքրքրի ու դուր գա այդ երևույթը կամ դրա մեջ ինքը տղամարդկություն տեսնի, կարող է այդ երեխան քրեական հոդվածով պատասխանատվության ենթարկվել: Խոսքը դրա մասին չէ: Ուղղակի գաղափարախոսությունը կիսողը կամ կյանքի ինչ-որ փուլում դրա մեջ ռոմանտիզմի տարրեր տեսնողը չի ընկնելու այս հոդավծի տակ»,- նշեց Բադասյանը:
Նախարարն ասաց, որ օրենքի նախագծի համար սպառնալիքներ չի ստացել ոչ մեկի կողմից: