Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով հերքում է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը որևէ ուղղակի կամ անուղղակի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ չի ունեցել և միակ հանդիպումը՝ հեղափոխությանը նախորդող և հաջորդող ամբողջ ժամանակահատվածում, եղել է 2018 թվականի ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հայտնի հանդիպումը կամ բանակցությունը:
 
Այս հերքումը ինքնին ուշագրավ է նրանով, որ հերքման պահանջ առաջացել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Սերժ Սարգսյանի մոտ: Իհարկե, ավելի տրամաբանական կլիներ, եթե Սարգսյանի հետ իր կապերի, հանդիպումների մասին հերքում տարածեր հենց վարչապետը, քանի որ, եթե նման կապերը առկա են, դա առաջին հերթին հարվածում է հենց Փաշինյանին. բացահայտում է նախկին ռեժիմի հետ պայմանավորվածությունների առկայությունը: Մինչդեռ հերքում է տարածում Սարգսյանը, և ինչ է սա, եթե ոչ Սարգսյանի՝ ինքն իրեն մաքրելու փորձ՝ ընդդիմադիր դաշտում ակտիվանալու ֆոնին: Սարգսյանը այդ հերքումը տարածում է նաև իր թիմակիցների համար, որոնց շրջանում վաղուց կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանը «մաքուր չի խաղում»:
 
Ի դեպ, Սարգսյանի ակնհայտ ակտիվացումը «Իմ քայլ»-ին չի հուզում: Իշխանությունները թիրախավորում են «Վերնատան» անդամներին, Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ-ին, սակայն ոչ մեկի մոտ տարակուսանք չի առաջացնում մերժված երրորդ նախագահի քաղաքական հայտը. կարծես՝ այդպես էլ պետք է լիներ: Իրականում, Սարգսյանի ակտիվությունը ամբողջությամբ ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանին, քանի որ ՀՀԿ-ն ու Սարգսյանը պարզապես իդեալական ընդդիմություն կլինեն իր համար, և քանի դեռ ակտուալ է Սարգսյանի քաղաքական հայտը, այդքան ժամանակ Փաշինյանը կխաղարկի հների վերադարձի հավանականության խաղաքարտը, վերադարձ, որի այլընտրանքը հենց ինքն է: Այս պարագայում, կարծես թե, գործ ունենք նուրբ խաղի հետ, երբ կողմերից յուրաքանչյուրին էլ ստեղծված իրավիճակը ձեռնտու է, սակայն այդ իրավիճակը կտրուկ կարող է փոխվել այն պարագայում, երբ Սարգսյանը հասկանա, որ Փաշինյանը որոշել է վերջնականապես հետ կանգնել պայմանավորվածություններից, և ինքն էլ իր հերթին գնա վա-բանկ…