«Այսօր կրոնական, աղանդավորական կառույցների մասին ոչ ոք չի հիշում, մինչդեռ նրանք շատ ակտիվ շարունակում են իրենց գործունեությունը»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազգային եւ հոգևոր արժեքների պաշտպանության ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նա նշեց, որ կրոնական, աղանդավորական կառույցները մտել են քաղաքական դաշտ. «Այն, ինչը 2005 թվականից մենք ասում էինք՝ աղանդները ուզում են իշխանություն, այսօր իրականություն է: Իրենք մտել են քաղաքականություն»:

Ամարյանի խոսքով՝ նույնիսկ այս պարագայում նրանց դեմ պետք է կանոնակարգված պայքարել. «Առաջինը՝ տեղեկացվածությունն է, քանի որ ցանկացած մարդ պետք է տեղեկացված լինի, երկրորդը՝ մարդկանց բացատրելը: Միայն տեղեկատվությունը քիչ է, մարդկանց պետք է նաև բացատրել, օգնել, պատրաստել մասնագետներ: Այս հարցում մասնագետները ամենակարևոր ու գործուն դերակատարությունն ունեն: Հենց նրանք են, որ մարդկանց պետք է օգնեն, ուղղորդեն ու աջակցեն: Ինչպես նաև շատ կարևոր է ապահովել տեղեկատվության բազա, այսինքն՝ տեղ, որտեղ քաղաքացին կարող է գնալ և ստանալ ցանկացած ինֆորմացիա ցանկացած կառույցի մասին: Տեղեկատվության բազան պետք է լինի բաց ու հասանելի բոլորին»:

Մեր այն դիտարկմանը, թե այս պարագայում Առաքելական եկեղեցու գործառույթը որն է լինելու, Ամարյանը պատասխանեց. «Եկեղեցին, նախ ճեմարանում պետք է գրականությունը փոխի, որովհետև այնտեղ մի դասագիրք ունեն աղանդների մասին, որը 70-80-ական թվականների է: Ներկայիս ու նախկին աղանդները շատ տարբեր են: Հիմա աղանդների դեմ պայքարելու համար նոր միջոցներ են պետք: Հին միջոցներով ու հնացած գրքերով կրոնական կազմակերպությունների դեմ պայքարում դժվար թե հաջողության հասնենք»:

Ամարյանը նշեց, որ խորհրդային տարիներին Ազգային անվտանգությունն էր պայքարում այդ կազմակերպություների դեմ և թույլ չէր տալիս ցակացած արտասահմանյան կառույցի՝ ներխուժել Հայաստան, այսինքն՝ պաշտպանում էին Հայաստանը. «Հիմա բոլորը ազատ են, թե′ աղանդավորական կառույցները, և թե′ կրոնական շարժումները: Պետք է ֆինանսական հսկողություն սահմանել նրանց վրա: Բոլոր կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը մեր կիսատ եղած օրենքով արգելվում է: Գոնե այդ մի կետը օրենքում կա, որ արգելվում է ֆինանսավորումը արտերկրից, սակայն բոլորը ֆինանսավորվում են: Հասկանո՞ւմ եք, որ նույնիսկ դատական նիստի ժամանակ նոր կրոնական կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ իր մասնաճյուղերից մի քանիսը կրճատել է, քանի որ արտասահմանից ֆինանսավորումը քչացել է: Մարդը հստակ ասում է, որ ֆինանսավորում է ստանում, իսկ մեր պետական մարմիններից ոչ ոք չի արձագանքում»:

Նա ընդգծեց, որ այս ամենը նման է ամենաթողության, ընդ որում, ոչ միայն կրոնական կազմակերպություների հարցում, այլև՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերում:

«Ես 16 տարի պայքարում եմ ու չեմ հուսահատվում: Իմ աշխատանքի արդյունքները երևում են, եթե ինձ հետևում են, փորձում ճնշել, ուրեմն՝ տեղ հասել է»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Ամալյանը: