Հանուն ազգային կրթության նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ: Նրանք ԵՊՀ Հայ բանասիրության և Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ են:
Հավաքված մոտ երկու տասնյակ ուսանողները պահանաջում են հանդիպում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, քանի որ նրան ուղղված' իրենց նամակի պատասխանը գոհացուցիչ չի եղել:
«Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մեր' իրեն ուղղված հարցերին պատասխանել է լղոզված, անտեսել է մեր պահանջները»,- ասում է Էդվարդ Գալստյանը:
Քիչ առաջ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արձագանքելով ուսանողների պահանջին' փոխանցել է, որ այսօր ժամանակ չունի հանդիպելու համար: Հանդիպումը, գուցե, վաղը կայանա: Նստադուլ իրականացնողները ԵՊՀ միջանցքում կմնան մինչ աշխատանքային օրվա ավարտը: Անվտանգության աշխատակիցները նրանց համար աթոռներ են շարել միջանցքում:
Հիշեցնենք, որ ուսանողների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, ըստ որի Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում դառնում է ոչ պարտադիր: ԵՊՀ Հայ Բանասիրության ֆակուլտետի ուսանողները ընդհատվող դասադուլներով պահանջում են վերանայել Բարձրագույն կրթության օրենքի մասին նախագիծը, ինչպես նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի բաց հանդիպումը ԵՊՀ-ում բոլոր շահառուների հետ: