Մենք նախկինում  էլ, հիմա էլ պատրաստ ենք ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից, որոնք մտադրություն ունեն մասնակցել Երևան քաղաքի զարգացմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանը թաքցրել է այն, որ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն է արել քաղաքապետարանին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Պարոն Խաժակյանն ասում է, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն պատկանում է Սամվել Ալեքսանյանին կամ որևէ կերպ փոխկապակցված է։ Հնչում էին մեղադրանքներ, որ քաղաքապետարանը նվեր է ընդունել Սամվել Ալեքսանյանից։ Քաղաքապետարանը և անձամբ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանից նվեր կընդունի այնպես, ինչպես բոլորից։ Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփվելուց կամ նվեր ընդունելուց, այդպիսի բան չկա»,-ասաց քաղաքապետի խոսնակը։

Կարապետյանը նշեց, որ Խաժակյանն, ի տարբերություն համայնքային ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների, կարող է առաջնորդվել իր հայտարարություններում ասեկոսեներով։

 

«Մենք՝ քաղաքային գործող իշխանությունը, կարող ենք հայտարարություն անել, այս կամ այն բանը վերագրել այս կամ այն անձին միայն փաստաթղթի հիման վրա։ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պետական ռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը ստորագրել է պայմանագիր քաղաքապետարանի հետ Հայկ Իսրայելյանն է։ Այնպես որ, երբ մեզ հարցնում են՝ «ստացե՞լ եք նվեր Սամվել Ալեքսանյանից» մենք բնականաբար պատասխանում ենք՝ ոչ, որովհետև եթե ասենք ստացել ենք, պարոն Իսրայելյանը կամ բաժնետերերը կարող են զանգել և ասել՝ «եղբա՛յր, էդ մենք նվեր տանք, դու ինչ-որ ուրիշ մարդու անուն հնչեցնե՞ս»»։  

Կարապետյանը նշեց, որ իրենք, մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող անել հայտարարություններ ասեկոսեների. տարածված կարծիքների հիման վրա։