Վերջերս հայտնի դարձավ, որ Հունգարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին: Թեև մրցույթից հրաժարվելու հիմնավոր պատճառ չի նշվել, այնուամենայնիվ, շրջանառվում է այն տեսակետը, որ Հունգարիայի կողմից «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին այլևս չմասնակցելու որոշումը ուղիղ կապ ունի հունգարական իշխանությունների կողմից որդեգրված ազգային քաղաքականության հետ:
«The Evening Standard» պարբերականը նշում է, որ հունգարական լրատվամիջոցներում և կառավարությունում առկա են հոմոֆոբ տրամադրություններ: Բանն այն է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերջերս նախաձեռնել է «Ընտանիքն առաջնայինն է» լոզունգով մի քաղաքականություն, որ նպատակաուղղված է աջակցելու ավանդական ընտանիքին և խթանելու ծնելությունը: Ավելին, այս տարվա սկզբին Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյվերը նույնասեռական ամուսնության կողմնակիցներին մանկապիղծների հետ նույնացրեց, իսկ այլոք հայտարարեցին, թե «Հունգարիային պետք չէ տրանսվեստիտների և մորուքավոր կանանց գոռգոռոցը»:
«Եվրատեսիլ»-ին մասնակցելու փոխարեն՝ այժմ մենք կկենտրոնանանք այն արժեքավոր ստեղծագործությունների ուղղությամբ, որոնք ստեղծվել են զուտ հունգարական փոփ երաժշտության տաղանդների կողմից»,- The Evening Standard-ը մեջբերում է Հունգարիայի Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կազմակերպության (MTVA) կազմակերպության ներկայացուցչի խոսքը: