«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ:

«Երբ նայում ենք ընդհանուր լեզվական կուլտուրային, գալիս ենք այն եզրակացությանը, որ մայրենիի իմացությունն առանձնապես փայլուն վիճակով չէ: Օրենքի նախագիծը, դժբախտաբար, բազմաթիվ թերություներ ուներ, որոնց ես էլ բուռն արձագանքել եմ: Ցանկացած օրենքի նախագիծ շրջանառության մեջ մտցնելուց առաջ ճիշտ կլինի, որ թե՛ ակադեմիական գիտության, թե՛ բուհական գիտության ներկայացուցիչների՝ դասախոսների, գիտնականների հետ  հարցը մանրամասն  քննարկվի, այսինքն՝ ոչ թե օրենքը ներկայացվի քննարկվելու, այլ օրենքի ստեղծման, ձևավորման ժամանակ դա արվի: Այդ տարբերակով ավելի ճիշտ կլին: Հիմա նման է նրան, որ քանդակը բերում են պատրաստի ու հետո որոշում, որ պետք է փոփոխություներ արվեն: Արդեն վստահ եմ՝ հասարակության նման արձագանքից հետո ավելի ուշադիր կլինեն»,- ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ որ նախագիծը բացասական արձագանք գտավ հասարակության մեջ, այնուամենայնիվ մի դրական գործառույթ կատարեց. «Հետաքրքիր է, բայց օրենքի նախագիծը համախմբեց մեր մտավորականությանը, մեր ժողովրդին ու ցույց տվեց, որ, ամեն դեպքում, մեր ժողովրդի և մեր պատմության հարցերը առաջնային են, ինչքան էլ կյանքը դժվար լինի, ինչքան էլ մեր հասարակության մեջ լինեն հակասություններ, կան արժեքներ, որոնք միավորող գործոն են հանդիսանում»:

 

Դևրիկյանն ասում է, որ նույնիսկ շնորհակալ է օրենքի այս նախագիծը շրջանառութայն մեջ դնելու համար. «Եթե չլիներ օրենքի նախագիծը, հնարավոր է՝ նույնիսկ չիմանայինք, որ մեր մտավորականությունը՝ որպես համախումբ, այսքան միասնական է»: 

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ հայոց լեզվի դասավանդումը հայրենասիրության հարց չէ. «Լեզուն  հաղորդակցման միջոց է և, եթե բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզու չդասավանդվի, հայերենը կդադարի գիտության լեզու լինել: Իսկ պատմություն առարկան միայն թվեր չեն: Այն մեզ սովորեցնում է մեթոդ, աշխարհայացք, պատմահայեցողություն»:

Դևրիկյանը հույս հայտնեց, որ այդ առարկաները կշարունակեն մնալ որպես պարտադիր բուհական դասավանդման առարկաներ. «Ես քաղաքական գործիչ չեմ ու նպատակս որևէ մեկի արած աշխատանքը վատաբանելը չէ: Եթե լավ նախագիծ լինի, բնականաբար, միասնական կասենք, որ հրաշալի գաղափար է, բայց եթե թերություններ տեսնենք, ապա դա էլ անարձագանք չի մնա»: