Իր հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանում եւ մասնավորապես ՀՀԿ խմբակցությունում գործարարներ չկան: Նա ասաց, որ համենայնդեպս նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Սերժ Սարգսյանին երկրորդեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, թեեւ ինքն իր մասին մի անգամ հպարտորեն հայտարարել էր, որ ինքը բիզնես-վուման է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան. «Դուք հասարակության մեջ արթնացրել եք այն տեսակետը, որ օլիգարխ նշանակում է հանցագործ: Մենք չունենք որևէ մեծահարուստ, որն իշխանության մեջ լինի և կարողանա անմիջական մասնակցություն ունենալ իշխանության որոշումներին: Այսինքն՝ օլիգարխը հենց նա է, որը լինելով մեծահարուստ, ձեռնարկատեր, մեծ ազդեցություն կունենա իշխանության գործառույթների կամ որոշումների վրա»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Թե որքանով ինքը՝ «քաղաքական գործիչ» Գալուստ Սահակյանն ազդեցություն ունի պետական քաղաքականության վրա, եւ որքանով՝ օլիգարխները, թողենք Գալուստի խղճին: Պարզապես, մի թեթեւ էքսկուրս կատարենք հայկական մամուլի տարբեր տարիների հրապարակումներով, որոնք ըստ էության չեն հերքվել:
Վարդան Այվազյան
Գլոբալ գոլդ ընկերությունը ԱՄՆ դատարանում հայց էր ներկայացրել ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի դեմ, եւ Նյու Յորքի դատարանը որոշել էր Այվազյանին տուգանել 35 միլիոն դոլարով:
Ըստ Global Gold Corporation տեղեկությունների' 2005 թ. հուլիսին Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին հայտնել էր, որ անհրաժեշտ է իր մոտ գործընկերոջը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել 3 մլն դոլար կաշառք' պնդելով, որ այդ վճարումն անհրաժեշտ է 2003 թ. գործարքն ավարտելու համար: Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան դեսպան Էվանսը կաշառքի այս գործի մասին իմացել է 2006 թ.:
Էվանսը բարձրացրել է այս հարցը հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ' նշելով այսօրինակ խնդիրների մասին, սակայն չի վերհանել կոնկրետ Global Gold Corporation-ի խնդիրը: Ի զարմանս դեսպանի, ֆինանսների նախարարը խոսել է հենց այդ ընկերության' Global Gold Corporation-ի մասին, ինչը վկայել է, որ կառավարության անդամները ծանոթ են խնդրին: Ֆինանսների նախարարը նաև խորհուրդ է տվել դիմել դատախազություն: Սակայն հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի վատ համբավը' Global Gold Corporation-ը չէր դիմել դատարան: Փաստաթղթում նշվում էր, որ գլխավոր դատախազն ինքը կարող էր քննություն սկսել, սակայն դա չի արել:
Ըստ հայկական մամուլի տարբեր տարիների հրապարակած տեղեկությունների, Վարդան Այվազյանը տասնյակ հանքավայրերի փաստացի սեփականատեր է, որոնք ձեռք է բերել բնապահպանության նախարար աշխատած տարիներին: Այդ հանքավայրերը գրանցված են նրա եղբոր, կնոջ, օգնականների, որդու եւ այլոց անուններով: Այդ հանքավայրերում ներդրումներ չեն արվել, աշխատատեղեր չեն բացվել, հայտնի չէ նաեւ, թե ինչ գնով եւ ինչ պայմաններով է Այվազյանը ձեռք գցել դրանք: Փոխարենը, նա վաճառում է դրանք բավական բարձր գներով:
2011 թվականին Սվարանցի եւ Հրազդանի երկաթահանքերի բաժնետոմսերի մի մասը, որոնք ըստ մամուլի հրապարակումների, պատկանում էին ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, 24 միլիոն դոլարով վաճառվել են չինական Fortune Oil ընկերությանը: Հանքավայրերը չափազանց մոտ են Հրազդան քաղաքին, եւ դրանց շահագործումն, ըստ մասնագետների, անդառնալի վնասներ է հասցնելու տարածաշրջանին, իսկ Հրազդանի բնակչությունն էվակուացվելու է, քանի որ խմելու ջուրը մեծ շառավղով թունավորվելու է:
Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն իրեն պարտք է Պաշտունի Ջրկապանք անվանումն ունեցող հանքի չկայացած գործարքի արդյունքում: Tert.am –ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նաև ասել է, որ ինքը ժամանակին այդ հանքը (դրա շահագործման լիցենզիան ունեցող ՍՊԸ-ն) գնել է Վարդան Այվազյանից, սակայն հետո հայտնաբերելով, որ հանքի վերաբերյալ նշված կոորդինատները և հանքի աշխարհագրական տեղը չեն համապատասխանում, հետ է վերադարձրել ընկերությունը: Իսկ Վարդան Այվազյանը դրա դիմաց վճարած 500.000 ԱՄՆ դոլարից 70 000-ը պարտք է մնացել ու մինչ օրս չի վերադարձրել: Պաշտունի ոսկու հանքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Քաջարանից Մեղրի տանող ճանապարհին:
Վարդան Այվազյանն ունի Բենթլի մեքենա: «Բենթլին, ինչպես Ռոլս Ռոյսը, այդպես էլ չկարողացան դառնալ պարզապես ապահովված, հաջողության հասած մարդու սիմվոլ: Դրանք նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրներում ընկալվել եւ ընկալվում են որպես ցոփության, շվայտության, հաբռգածության արտահայտություն, եթե իհարկե դրանց տերը թագավորական կամ այլ այսպես ասած գերազնվազարմ ընտանիքի ներկայացուցիչ չէ: Ի տարբերություն Մերսեդեսի կամ ԲՄՎ-ի, սրանք չեն ընկալվում որպես լավ մեքենա կամ շատ լավ մեքենա, այլ ընկալվում են որպես ցուցադրականություն, հայկական ընկալմամբ' «բոշի յուղ», - գրել է լրագրողներից մեկը եւ շարունակել.- Չարենցավանի կիսատ-պռատ գործիքաշինական գործարանի շահույթով (հարկայինի հաշվետվությունները վկա) Բենթլի չես առնի: Նախարարի, այնուհետեւ պատգամավորի աշխատավարձով չես առնի, որքան էլ ընկերներդ էժան գնով վաճառած լինեն սույն գեղեցիկ մեքենան: Սրբազան էլ չես, որ սանիկդ նվիրի: Միակ տարբերակը մնում է հետեւյալ սխեման' լինել բնապահպանության նախարար, սեփական որդու անունով հանքի լիցենզիա ձեւակերպել, հետո այդ լիցենզիան շատ թանկ գնով վաճառել չինացիներին, առանց մտածելու այդ հանքերի արդյունահանման «մունդառ» հետեւանքների մասին»:
Վարդան Այվազյանը պաշտոնապես հայտարարագրել է միայն 41,700,000 դրամ գումար:
Հերմինե Նաղդալյան
Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի դեպքը և դրան Ազգային Ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Արտաշատի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի առնչությունը հայտնի է բոլորին: Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Նորաշեն-2007 ՍԿ ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ' կառուցապատող ընկերությունը սկսել էր կիսակառույց բնակարանները գրավ դնելով տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից' շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Բնակարաններից 14-ը գրավ են դրվել Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու մոտ: Արդյունքում ամուսինները տիրացել էին այն մարդկանց տներին, ովքեր օրինական վճարել էին դրանց դիմաց և կառուցապատողների անփույթ աշխատանքի արդյունքում հայտնվել փողոցում:
Ավելի ուշ բնակարանների մի մասը վերադարձվել էր՝ խաբված բնակիչների կողմից մեծ աղմուկ բարձրացնելու հետո միայն: Այդ դեպքից հետո Հերմինե Նաղդալյանը պաշտոնի բարձրացում ունեցավ՝ պատգամավորից դառնալով ԱԺ փոխնախագահ: Ավելին, իրավապահներն այդպես էլ չհետաքրքրվեցին, թե հասարակ պատգամավորին և պետական ծառայող հանդիսացող նրա ամուսնուն որտեղի՞ց այդքան ունեցվածք, որ կարողացել էին 14 բնակարան վերցնել որպես գրավ:
Ինչպես գրում է ՀԺ-ն, Հերմինե Նաղդալյանը, ով լուրջ բիզնես-լեդիի համբավ ունի, ամենաշատը հայտնի է իր քարի բիզնեսով։ Նրան է պատկանում Սիսիանի բազալտի քարհանքը, այս պատգամավորը նաեւ ռեստորան ունի Սիսիանում, նրան է պատկանում Սիսիան-Երեւան երթուղային գիծը (էլ ինչ հանրապետական, որ մարշրուտնու գիծ չունենա), տեղի տաքսի ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Հերմինե Նաղդալյանը փայատեր է Սիսիանի Հիդրոէլեկտրակայանում եւ այլն։
Այդ ամենը նա ձեռք է բերել ոչ այնքան հեշտ. նա եւ նրա ամուսինը այդ ամենը ձեռք են բերել' օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները եւ իրենց ձեռքի տակ եղած լծակները։ Անգամ այս տարվա բյուջեն ընդունելիս տիկին Նաղդալյանը գրավոր առաջարկ էր ներկայացրել, որը պետք է նոր խթան հանդիսանար իր քարի բիզնեսի բարգավաճման համար։ Սույն առաջարկում Հերմինե Նաղդալյանը գրել էր հետեւյալը. «Հայաստանը բազմատեսակ քարերի երկիր է, այդ քարերը կիրառվում են տարբեր երկրներում' շինարարական, ճանապարհային եւ այլ աշխատանքների մեջ, իսկ մենք ինքներս սվաղում ենք մեր օբյեկտների պատերը։ Առաջարկում եմ կատարվող շինարարական աշխատանքների նախագծերի մեջ պարտադիր կարգով նախատեսել հայրենական արտադրության շինարարական քարեր»։
Հանրապետական Հերմինե Նաղդալյանի հաշվետու տարվա եկամուտը 781 մլն 548 հազար դրամ է (3 մլն 153 հազարը' պատգամավորի աշխատավարձ, մնացածը' շահաբաժին և փոխառություն):
Արդյոք ԱԺ գործարար փոխնախագահը եւ Տնտեսական հարցերի հանձնաժողովի գործարար նախագահը չեն ազդում պետական քաղաքականության վրա: Արդյոք բերված փաստերը վկայում են, որ նրանք խնդիրներ չունեն օրենքի հետ, եթե իհարկե օրենքը գործում է: