ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ նստացույց անող երիտասարդների և ոստիկանության միջև քաշքշոց տեղի ունեցավ: Երիտասարդները փորձում էին մուտք գործել գերատեսչության շենք՝ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար։ Իրավապահները կանխեցին այդ գործողությունը: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցը փակած երիտասարդներից մի քանիսին ոստիկանությունը բերման ենթարկեց՝ փորձելով ազատել փողոցի երթևեկելի հատվածը:
«Նախարարին հրապարակային հանդիպման հրավեր է եղել, նա այդպես էլ չի արձագանքել, 15 օրվա նստացույցին չի արձագանքել։ Մենք անգամ ինչ-որ չափով հետ ենք կանգնել մեր նախնական ծրագրերից, սակայն նա չի հանդիպում մեզ հետ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մի քանի անգամ պահանջ են ներկայացրել փողոցը ազատելու, սակայն ակցիա իրականացնող երիտասարդները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին: Ինչից հետո ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ: «Բերման ենթարկվածներին բաց կթողնեն մինչև 3 ժամվա ընթացքում, եթե նրանց արարքներում այլ խախտումներ չլինեն»,- ասաց Պետրոսյանը:
Ոստիկանությունից ճշտեցինք, որ քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար:
Ակցիա իրականացնողները երթով պատրաստվում են շարժվել դեպի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին: