ԱԺ-ն ընդունեց զինծառայողներին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

«Ես առհասարակ դեմ եմ պատժի խստացմանը և կարևորում եմ հանցագործության բացահայտմանը: Պատժի խստացումով ոչինչ չի փոխվի, եթե հանցագործությունը բացահայտված չէ՝ մենք չգիտենք դա ինքնասպանություն է, թե սպանություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Նշում եմ սա, քանի որ մեր իրավապահ մարմիները բանակում կատարված հանցագործություները չեն բացահայտում»,- ասաց նա:

Ալեքսանյանը ընդգծեց, որ այնքան էլ համաձայն չէ նախագծի հետ, քանի որ իր համար ամենակարևորը հանցագործության բացահայտումն է, որը, ցավոք, չի լուծվում պատժի խստացումով:

«Բանակում տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, որոնք չեն բացահայտվել և մնացել են որպես ինքնասպանություններ: Եթե այս դեպքում պատիժն են խստացնում, ապա ի՞նչ կփոխվի դրանից, եթե քննչական մարմինը  չի բացահայտել և դատարանը պահապանում է դատախազության մեղադրանքը»,- նշեց նա:

 

Ըստ Ալեքսանյանի՝ լինում են դեպքեր, երբ շատ վատ քննություն է կատարվում, չեն լինում ապացույցներ. «Զինծառայողների հարցը ևս նույն կերպ է: Արտակ Նազարյանի գործը, օրինակ, Եվրոպական դատարանում է: Ապացույցները բավարար չեն, որպեսզի դա ինքնասպանություն համարվի»:

Նա նաև նշեց, որ մեծ մասով բանակում տեղի ունեցած դեպքերը ոչ թե ինքնասպանություներ են, այլ՝ սպանություններ. «Մենք հիմա ունենք 4 քրեական գործ, որոնցով ձեռք բերված ապացույցներով հենց քննչական մարմնի կողմից՝ տեսնում ենք, որ դրանք ինքնասպանություներ չեն, այլ՝ սպանություններ: Կան անհերքելի ապացույցներ, որ դրանք սպանություներ են»:

Ալեքսանյանի կարծիքով՝ գլխավոր դատախազությունը պետք է հսկողություն սահմանի, իսկ կառավարությունն էլ իր ուշադրության կենտրոնում պետք է պահի գործերի բացահայտումը. «Բանակում պետք է կարգ ու կանոն հաստատվի: Լավ կլինի, որ հենց զորամասից կանխվի զորամասերում տիրող բռնի մթնոլորտը: Ներսում գործեն բոլոր կանոնադրություները, բարելավվեն զինվորների փոխհարաբերություները: Սահմանվի վերահսկողություն, որը բացակայում է»: