ԱԺ–ն այսօրվա նիստում հաստատեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքների` ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից կարգազանց վարորդները կզրկվեն միավորներից։ Վարորդական իրավունքը կորցնողներն ստիպված կլինեն նոր քննություն հանձնել վարորդական իրավունքը վերականգնելու համար։
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Դավիթ Պեդանյանի հետ՝ պարզելու, թե ինչ դրական ու բացասական կողմեր ունի օրենքի փոփոխությունը:
«Բալային համակարգին ի սկզբանե կողմ եմ եղել, սակայն այս պահին այն բավականին թերի է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհղկվի, ու կտեսնենք դրական արդյունքները: Պետք է հասկանանաք, որ կտրուկ արդյունքներ միանգամից չենք ունենա: Թերևս մոտ 6 ամիս անց կունենանք նկատելի արդյունքներ»,- ասաց նա:
Պեդանյանի խոսքով՝ այս օրենքը նույնն է բոլորի համար, քանի որ շրջանցում է մարդու ստատուսը, ֆինանսական կարողություները:
«Մեր վարորդների մի մասն իրենց արտոնյալ զգալու հատկություն ունեն, իրականում, այդ վարորդները շատ փոքր թիվ են կազմում, բայց, այնուամենայնիվ, նրանք այն վարորդներն են, ովքեր օրենքներին լուրջ չեն վերաբերվում: Իսկ հիմա այդպես չի լինի»,- ընդգծեց նա:
Պեդանյանը նշեց, որ օրենքը, չնայած թերություններին, արդյունավետ տեսլական ունի. «Տեսանկարահանող սարքերի օգնությամբ խախտումը արձանագրվում և ուղարկվում է մեքենայի սեփականատիրոջը, որը հիմնականում չի հանդիսանում մեքենայի վարորդը, այսինքն՝ վարորդը խախտումը կատարում է, իսկ տուգանք ստանում է մեքենայի սեփականատերը»:
Պեդանյանի կարծիքով՝ թերությունները ժամանակի ընթացքում կշտկվեն: Ցանկացած փոփոխություն կիրառվելուց հետո ունենում է ռիսկային ժամանակաշրջան, որի ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ, թերություններ, որոնք միշտ չէ, որ հնարավոր է նախապես հաշվի առնել:
«Օրենքի փոփոխության մեջ կան մի քանի վիճահարույց կետեր. օրինակ՝ վարչական դատարան դիմելիս պետական տուրքից վարորդները նախկինում ազատված էին: Հիմա այդ նախագծի մեջ ավելացվել է ՃՈ տուգանքների բողոքարկման մասը, այսինքն՝ բացառություն են անում և ՃՈ տուգանքները բողոքարկելիս քաղաքացին պետք է 4000 դրամ պետական տուրք վճարի: Սա աբսուրդ է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ցանկացած ոք ունի դատական ատյաններում սեփական իրավուքները պաշտպանելու իրավուք: Այս պարագայում՝ քաղաքացուն զրկում են այդ իրավուքից՝ ֆինանսի պատճառով»,- ընդգծեց Պեդանյանը:
Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձայն՝ եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորն սպառվի, նա 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում՝ վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և այն վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։
Լուսինե Մարդոյան