Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ռուսական ORSIS ընկերության հայցը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, որով ընկերությունը պետք է ներառվեր սև ցուցակում, հետևաբար, հնարավորություն չունենար մասնակցելու զենք մատակարարելու մրցույթների:

«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, որոշում կայացրեց «ORSIS» զենք արտադրող ընկերությունը հանել Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների սև ցուցակից»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «ORSIS»-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նրա խոսքով՝ սովորաբար, դատարանում նման վեճերը ավելի երկար են քննվում․ «Նման վեճերը դատարանում քննվում են 2-3 տարի տևողությամբ։ Եթե անգամ ես էլ ոչինչ չանեի, միևնույն է 2021 թվականի հուլիսին ընկերությունը դուրս կգար սև ցուցակից։ Սակայն աբսուրդը նրանում էր, որ զենքի մատակարարման միակ աղբյուրին գցում են սև ցուցակ», - նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ ընկերությունն այսուհետ իրավունք ունի շարունակելու մասնակցել մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին։

Հիշեցնենք՝ 2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական «ORSIS» ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։