Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարևորում է խորհրդարանում բազմակարծության ձևավորումը՝ ոչ թե անձերի դեմ ուղղված ելույթներով, այլ գաղափարների բախումով: Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:
«Կարծում եմ, որ մեր գործընկերները դեռ խնդիր ունեն՝ հասկանալու ընդդիմության դերն ու նշանակությունը»,-ասաց Գորգիսյանը:
Պատգամավորի տպավորությամբ՝ իշխանական խմբակցության գործընկերները կարծում են, թե ընդդիմություն իրենց բոլոր նախագծերը պետք է դակի ու լռի: «Այդպես մենք կգնանք սխալ տեղ: Եվ մենք դա թույլ չեն տալու: Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավար երկիր, դրա համար թիվ մեկ պայմաններից մեկը բազմակարծությունն է: Ազգային ժողովը ի վերջո պետք է դառնա բարձր մակարդակի քաղաքական բանավեճերի, բախումների հարթակ»,-ասաց Գորգիսյանը:
Նրա կարծիքով՝ նախորդ նիստում «Իմ քայլ»-ի պատգամավորների ելույթների մեծամասնությունն ուղղված է եղել անձերի դեմ, Գորգիսյանը շեշտեց՝ պետք է ԱԺ-ում սկսեն գաղափարների բախումներ: «Խորհրդարանում պետք է լուծվեն խնդիրներ, և միակ ճանապարհը դա է, որ վաղն ունենանք ավելի լավ Հայաստան, քան ունեինք մինչև հեղափոխությունը: Հատկապես «Իմ քայլը»-ի պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների կողմից շատ կարևոր է հանդուրժողական, գործընկերային հարաբերությունները: Մեզ պետք չէ, որ մեզ սիրեն, բայց մեզ հետ պետք է աշխատեն»,-նշեց նա ու կոչ արեց մնալ երկխոսության դաշտում, լինել քաղաքական բանավեճերի ասպարեզում ու միասին գաղափարների ու մտքերի բախումների արդյունքում ծնել այն գաղափարները, որոնք կնպաստեն Հայաստանի ավելի արագ ու ավելի լավ զարգացումներին: