Համացանցում են հայտնվել ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի և նախկին նախարար Լևոն Ալթունյանի՝ դեկտեմբերի 11-ին սրճարանում արված լուսանկարները, որտեղ վերջիններս մտերմիկ զրույց են ունենում։ Թե ինչ հարցերի շուրջ են խոսել ներկայիս և նախկին իշխանության այս ներկայացուցիչները, արդյո՞ք քննարկում եղել է առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նոր հարկատեսակի՝ առողջության հարկի վերաբերյալ, ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել առողջապահության նախարարությունից։
«Աշխատանքային ժամից դուրս հանդիպում է եղել, և մանրամասներին չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի առաջարկած նախագծի՝ առողջության ապահովագրման նման մի նախագիծ էլ իր պաշտոնավարման ժամանակ Լևոն Ալթունյանն էր առաջարկում, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց հենց ներկայիս իշխանության ներկայացուցիչների դժգոհությունների պատճառով։ Դեռևս 2014 թ. «Դեմ եմ» շարժմանը միացածները, որոնց թվում էր նաև Արսեն Թորոսյանը, դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը՝ պատճառաբանությամբ, թե մարդկանց հարկադրաբար ստիպում են հրաժարվել իրենց եկամտի մի մասից:
Սակայն, նկատի ունենալով նախագծի վերաբերյալ Լևոն Ալթունյանի՝ օրերս հայտնած դրական գնահատականը, կարելի է հետևություններ անել, որ հանդիպումը պատահական չի եղել և չի բացառվում, որ առողջապահության երիտասարդ նախարարը խորհուրդներ է հարցնում նախկիններից։
Նշենք՝ Արսեն Թորոսյանի մշակած նախագծով նախատեսվում է 6% հարկել քաղաքացիներին առողջության ապահովագրության համար։