Երևանում ընթանում է «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը, որի թեման է «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում․ Լազարեւսկի կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինինն է, որն այդ մասին բարձրաձայնեց 2018-ին, Հայաստանում թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Զատուլինը հայտարարեց, թե դրանով կփորձի նոր շունչ հաղորդել հայ-ռուսական հարաբերությանը: Լազարեւսկի կոմիտեի ստեղծումը փաստացի դիտարկվեց Գրիբոյեդով տխրահռչակ ակումբի «մայրամուտի» նշան: Հետագան ցույց տվեց, որ իրականում տեղի է ունենում ընդամենը Հայաստանի նկատմամբ ռուսական «ավանդական» մոտեցումների «ռեբրենդինգ», գուցե դերակատարների որոշակի փոփոխությամբ, սակայն ընդհանուր առմամբ տրամաբանության ու բովանդակության պահպանությամբ, եւ հենց պահպանության համար: Դրա մասին վկայեց Լազարեւսկի կոմիտեի առաջին նիստը Երեւանում, դրա մասնակիցների շրջանակի գերակշռող մասը: Իսկ ակումբի պատվավոր հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ Զատուլինն ամիսներ առաջ իր հետ է քննարկել կոմիտեի ստեղծման գաղափարն ու ստացել իր հավանությունն ու աջակցությունը: Եվ ահա, ամիսներ անց, երբ կոմիտեն երկրորդ հավաքը անցկացրեց Ռուսաստանում, հայտարարություն տարածվեց այն մասին, որ Լազարեւսկի կոմիտեի նպատակը Հայաստանում նախկին իշխող համակարգի քաղաքական ծրագրերի սպասարկումն է: Հայտարարության մեջ ասվում էր նաեւ, որ կոմիտեի հայաստանյան միջոցառումների կազմակերպումն իրականացվել է անմիջականորեն ՀՀԿ գրասենյակից եւ դրանում առանցքային դեր է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
 
 
Այսօրվա նիստի հենց սկզբում հետաքրքիր դրվագ արձանագրվեց: Աշխատանքային լեզուն ռուսերենն է, ինչը դուր չեկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ Նա ասաց, որ ցանկանում է իր խոսքը սկսել հայերենով։ Վարչապետի խոսնակը կոչ արեց հաջորդ անգամ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին ապահովել համաժամանակյա թարգմանություն։ Իհարկե, Կարապետյանի կողմից նման մեսիջը ակնհայտորեն ակումբի վերին էշելոնին խայթելու նպատակ ուներ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Լազարևյան ակումբի պատվավոր հյուրը անցած տարի երկրորդ նախագահ Քոչարյանն էր, Կոնստանտին Զատուլինը անգամ Քոչարյանի տարեդարձը շնորհավորած անձանց ցանկում էր, իսկ ակումբի անդամները երբեք էլ չեն թաքցրել իրենց վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ: Հատկանշական է, որ նախկինում այնտեղ, որտեղ այսօր նստած էր Կարապետյանը, ժամանակին նստում էր Վիգեն Սարգսյանը:
 
Ելույթներից ամենաուշագրավը թերևս ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանինն էր, ով հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, հեղափոխությունից հետո փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական իշխանության բնույթը, մինչդեռ նման բաներ Հայաստանում տեղի չեն ունեցել: Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ նախկինում Հայաստանում «կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ» էր՝ փափուկ ավտորիտար ռեժիմ, այժմ հաստատվել է «անձնական իշխանության» ռեժիմ. «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»:
 
 
Միհրանյանը նաեւ ելույթ է ունեցել հայ-ռուսական հարաբերության թեմայով, արծարծելով թեմա, որ նրանից առաջ բացել էր մեկ այլ ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովը: Խոսքը՝ Հայաստանում ռուսների եւ Ռուսաստանում հայերի զգացողության մասին է: Տրետյակովը նշել էր, թե իր ցանկությունն է, որ երկրները վարեն այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանում բնակվող հայերը, իսկ Հայաստանում էլ «համապատասխան մարդիկ» չունենան որեւէ կողմնորոշման անհրաժեշտություն: Սրանք, իհարկե, մեսիջներ են, որ երկու հասարակություններում էլ առկա է որոշակի սպասողական վիճակ, որի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունները քայլ չեն կատարել: