Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ապացուցել, որ ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած, ինչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում, կոնկրետ քաղաքական ուժեր», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել:
«Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչու այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:
Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, ու պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբաների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ, հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: