Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանի տեղն աղբամանն է: Այս մասին Ազգային ժողովում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Վաչագան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է պատգամավորին.
«Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:
Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:
Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:
Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը/էջ 29/:
Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:
Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:
Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:
Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:
Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:
Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:
Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:
Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:
Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:
Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:
Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ