ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը համակրելու հարցի շուրջ վիճաբանել է 22-ամյա քրոջը համակրող ընկերոջ հետ, վիճաբանությանը միջամտել է մյուս ընկերը, որի ընթացքում երիտասարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել միջամտած ընկերոջը՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: