Բրիտանացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր Էդ Շիրանը հրապարակել է իր նոր՝ Put it All On Me երգի տեսահոլովակը, որտեղ ներկայացված է նաև հայ զույգի սիրո պատմությունը: Տեսահոլովակը երգիչը հրապարակել է իր Youtube-յան ալիքում։
«Սա իմ No.6 նախագծի վերջին տեսահոլովակն է Put It All on Me երգի համար Էլլա Մայայի հետ»,- գրել է երգիչը իր Instagram-ում: Տեսահոլովակում ներկայացված է աշխարհի տարբեր երկրներից սիրային զույգերի մասին 15 պատմություն, այդ թվում՝ Հայաստանից:
Դրանցից մեկը պատմում է պարող, պարուսույց Փոլ Կարմիրյանի և Ստելլայի պատմությունը: Տեսանյութի ներքևում՝ նկարագրության հատվածում, ասվում է, որ Փոլը և Ստելլան ավելի քան 11 տարի ընկերներ լինելուց հետո վերջապես միմյանց սեր են խոստովանել:
Սա Փոլի առաջին համագործակցությունը չէ Էդ Շիրանի հետ. նա բեմադրել է Շիրանի «Thinking Out Loud» երգի տեսահոլովակի պարը և բոլորովին վերջերս հանդես է եկել նրա South of the Border երգի տեսահոլովակում:
Էդ Շիրանի կինը' Չերի Սիբորնը, նույնպես հանդես է եկել տեսահոլովակում: Նկարագրության հատվածում ասվում է, որ Էդը և Չերին միմյանց համակրել են դեռևս դպրոցական տարիներից: Տարիներ անց հանդիպումը կրկին բորբոքել է նրանց սերը, որից հետո զույգն ամուսնացել է 2019թ. հունվարին:
Փոլ Կարմիրյանը ծնվել է 1991թ. օգոստոսի 13-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: 2011թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին ու դարձել հաղթող: 2013թ. մասնակցել է ամերիկյան «So You Think You Can Dance» հեռուստանախագծին և ճանաչվել է արական սեռի լավագույն երեք պարողներից մեկը: