ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանը երրորդ նստաշրջանում ընդունել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված 37 օրենքի նախագիծ: Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով վերջին 6 ամսվա իրենց գործունեության արդյունքները:
«Օրենքի նախագծերը, որոնք հեղինակվել, համահեղինակվել, առաջին և երկրորդ ընթերցումն անցել են կամ անցել են միայն առաջին ընթերցումը կամ դեռևս առաջին ընթերցում չեն անցել, բայց գտնվում են ԱԺ-ի օրակարգում, 103-ն են: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունվել է խմբակցության 37 օրինագիծ»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ մոտ 250 օրենքի նախագիծ ներկայացվել է կառավարության կողմից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ունեցել են 420-ից ավելի ելույթներ: Մակունցն առանձնացրեց նաև իրենց կողմից հեղինակված ու ընդունված մի քանի օրենքի նախագծեր: Նա կարևոր համարեց ամսական նվազագույն աշխատավարձին առնչվող օրենքի նախագծի ընդունումը, որով նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, կառավարության կողմից ներկայացված քրեական ենթամշակույթին առնչվող օրենքի նախագիծը, 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդների վերադարձին առնչվող նախագիծը, Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից նա նշեց նաև թանկարժեք անշարժ գույքի հարկի բարձրացման օրենքի նախագիծը և մի քանի այլ նախագծեր: