Որևէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ Հայաստանի լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում՝ արտագաղթի խնդիրը, կարելի է լուծել 1 միլիոն եվրոյով: Եթե չի անցել, ուրեմն ասենք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ:

Սակայն ամեն ինչ՝ հերթով:

Եվրամիությունը 1 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին' աջակցելու «շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը»: Արարողությունը տեղի է ունեցել երեկ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն ու People in Need կազմակերպության նախագահ Սառա Կորադը նախօրեին հռչակագիր են ստորագրել այդ կապակցությամբ:

Գումարը տրամադրվում է ավելի ընդգրկուն՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում (նշենք, որ անցած շաբաթ, Եվրամիությունն միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով տրամադրել էր ևս 3 մլն եվրո):

Ի՞նչի վրա է ծախսվելու այս 1 միլիոն եվրոն և ի՞նչ խնդիրներ է լուծելու: Փոխնախարար Պետրոսյանը պատասխանել է այդ հարցին և ներկայացրել ծրագրի ուղղությունները: Դրանցից առաջինը, ուշադիր եղեք, արտագաղթի կանխարգելումն է: Ինչպե՞ս են դա անելու: Ըստ Արա Պետրոսյանի՝ դրա համար հարկավոր է սոցիալական և հոգեբանական ճիշտ աշխատանք տանել այն մարդկանց հետ, ովքեր մտադիր են մեկնել երկրից, բայց դեռ չեն մեկնել. «Առաջարկել մի բան, որը կարողանա հետ պահել մարդուն արտերկիր մեկնելուց: Մարդուն առաջարկել կոնկրետ զբաղվածություն, կոնկրետ աշխատանք»: Այսինքն՝ ստիպել նրանց հրաժարվել արտագաղթի մտքից: Կարճ ասած՝ համոզել: Սա հումոր չէ, սա պաշտոնական մեկնաբանություն է:

Ինչպես ասում են՝ լուծումը հանճարեղ է իր պարզությամբ: Մնում է զարմանալ, թե հայրենի իշխանությունների մտքով մինչև հիմա ինչպե՞ս չի անցել մեկական համոզող նշանակել օդանավակայանում, կայարանում և ՀՀ սահմանային անցակետերում: Մի քիչ փող կտային, սակայն փոխարենը՝ զերծ կմնային արտագաղթի թեմայով քլնգոցներից: Սակայն պարզվում է՝ ծրագիրն այլ ուղղություններ էլ ունի: Ինչպես ամերիկյան ֆիլմերում են ասում՝ պլան B:

Եթե չի հաջողվում համոզել, եթե այդ մարդիկ հստակ որոշել են մեկնել, ապա, նախարարի խոսքերով. «Այդ դեպքում պետք է նրանց հատկացվի աշխատանքային միգրանտի, այն երկրների օրենսդրության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որտեղ նրանք աշխատելու են և այդ պետություններում նրանց իրավունքների պաշտպանման երաշխիքները»:

Այսինքն, եթե ստացվում է համոզել, որ չարտագաղթեն՝ շատ լավ: Իսկ եթե՝ ոչ, ապա ամեն ինչով կօգնեն, որ արտագաղթողն արագ հարմարվի, իրեն պաշտպանված զգա և հետ չգա:

Այս մոտեցման հետ մի հին, բայց դիպուկ անեկդոտ հիշեցինք: Մեկը այգում աշխատելիս տեսնում է, որ արջը մտել է այգի և բարձրացել ծառի վրա: Զանգահարում է որսորդներին: Գալիս է մի որսորդ՝ հետը մի հրացան և վարժեցած փոքրիկ շուն՝ «տուզիկ»: Հրացանն ու տուզիկին տալիս է գյուղացուն և ասում. «Հիմա ես բարձրանում եմ ծառն ու արջին գցեմ: Հենց արջն ընկավ, տուզիկին բաց կթողնես, տուզիկը վրա կհասնի և արջի ամորձիները կպոկի»: «Լավ, բա հրացա՞նն ինչներիս է պետք»: «Ո՞նց: Որ հանկարծ ես ընկա՝ տուզիկին կխփես»,- ասում է որսորդը:

Սակայն սա դեռ ամբողջը չէ:

Եթե ծրագրի շրջանակներում «բարով-խերով» ճանապարհում են արտագաղթելու հստակ մտադրություն ունեցող քաղաքացիներին, ապա փոխարենը՝ ցանկանում են խրախուսել դրսում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք: Ծրագրի երրորդ ուղղությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել ՀՀ վերադառնալ ցանկացողների վերաինտեգրման, նրանց բնակարանով ապահովելու և եկամուտներով ապահելու ուղղությամբ: Նկատի ունեցեք՝ կրկին՝ նույն 1 միլիոն եվրոյի շրջանակներում:

Եվ վերջապես՝ չորրորդ ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Հայաստանի ինստիտուցիոնալ հնարավորությունները. բացել ռեսուրսային կենտրոններ, որտեղ մարդիկ կկարողանան մանրամասն տեղեկատվություն ստանալ արտերկիր՝ աշխատանքի համար մեկնելուց և հայրենիք վերադառնալուց առաջ:

Կարդալով այս տողերը՝ քիչ է մնում հավատաս, որ 1 միլիոն եվրոյով իսկական հրաշքներ կարելի է գործել: Սակայն նախորդ տարիների դառը փորձը, ցավոք, թույլ չի տալիս հրաշքների հավատալ: Ծրագրի պատասխանատուներից մեկն անզգուշություն է ունեցել հիշեցնել, որ այս նախաձեռնությունը նոր չէ, մեկնարկել է մի քանի տարի առաջ, և դրա շրջանակներում Հայաստանին տրամադրվել է արդեն 9 միլիոն եվրո: Իսկ մենք գիտենք, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթը կազմել է շուրջ 200 հազար մարդ, և այդ թիվը գնալով մեծանում է: Այսինքն՝ նման ծրագրերի իրական արդյունավետությունն իրականում չափազանց փոքր է, 9 միլիոն եվրոն ծախսվել է չգիտես՝ ինչի՞ վրա: Իսկ 1 միլիոն եվրոյով անգամ 50 ընտանիքի դժվար կլինի համոզել մնալ Հայաստանում: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ոգևորությունը:

Պարզ ասենք: Որովհետև նման ծրագրերի շրջանակներում նախատեսվում են հիմնականում կոնֆերանսներ, սեմինարներ՝ իրենց «քոֆի-բրեյք»-երով, ուսուցողական բուկլետների-բրոշյուրիկների-ֆլայերների տպագրություն: Եվ նման ծրագրերում ներգրավվող հայկական կազմակերպությունները, հաճելի ժամանակից բացի, կարողանում են նաև քիչումիչ վաստակել՝ դրամաշնորհների տեսքով:

Եվրոպացիները չե՞ն գիտակցում այս ամենը: Իհարկե, գիտակցում են: Իսկ ինչո՞ւ են գումարներ ծախսում նման ծրագրերի վրա: Միամտություն կլինի կարծել, որ նրանք չեն քնում՝ գիշերը մտածելով Հայաստանի ժողովրդագրաֆիական վիճակի մասին: Պարզապես այս մարդիկ մտածում և անհանգստանում են իրենց վիճակի մասին և փորձում են կրճատել իրենց երկրներում հաստատվել ցանկացող միգրանտների հոսքը՝ նրանց պահելով իրենց հայրենիքում: Թե որքանո՞վ է դա հաջողվում, արդեն գումար տվողի խնդիրն է: