«Իջևան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը հայտնում է, որ ինքը 2016 թ-ին մրցույթով ընտրվել է Իջևանի ԲԿ-ի տնօրեն, սակայն իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը փորձել է ազատել իրեն աշխատանքից, բայց չի հասցրել։ Իսկ ընտրություններից հետո արդեն նոր մարզպետը՝ Հայկ Չոբանյանը, ազատել է իրեն աշխատանքից, խոստացել՝ նույն բժշկական կենտրոնում կապահովի աշխատանքով՝ ազատման դիմում գրելու դեպքում:
«Այո, տիկինը ճիշտ է ասում, ինքն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իսկ ինչ վերաբերում է նոր աշխատանքի տեղավորելու խոստմանը, եկեք հասկանանք, որ մարզպետը աշխատանքի տեղավորող չէ այլևս, դրանք ստերիոտիպեր են, որ մնացել են նախկին իշխանություններից: Ես, ընդամենը, իմ կողմից բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ով այժմ տնօրենն է, խնդրել եմ՝ տիկին Գրիգորյանին ընդունել աշխատանքի, որովհետև ես իրեն արժևորում եմ որպես մասնագետ և ուրախ կլինեմ, որ ինքն աշխատի բժշկական կենտրոնում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պարզաբանեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մեր այն հարցին, թե ինչու է Գրիգորյանն ազատման դիմում գրել, և արդյոք այդ որոշման վրա չեն ազդել մարզպետի հորդորն ու պարտադրանքը, մարզպետը պատասխանեց. «Ես ունեցել եմ հանդիպում իր հետ, ասել եմ իմ աշխատանքային սկզբունքների մասին, դրանից մի քանի օր հետո ինքը կոպիտ խախտում էր թույլ տվել, որի վերաբերյալ ես իրեն խիստ նկատողություն արեցի, և ինքը դրա արդյունքում գրեց ազատման դիմում: Անձով պայմանավորված չկա ոչինչ»:
Թեմայի մասին խոսել ենք նաև Տավուշի նախկին մարզպետ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, ում ևս Գրիգորյանը մեղադրում է իրեն աշխատանքից հեռացնելու փորձ կատարելու մեջ:
«Ես ցանկություններով չեմ առաջնորդվել, իրեն հեռացնելու ցանկություն չեմ ունեցել, աուդիտ ենք արել, կային խնդիրներ, նկատողություն ենք տվել: Անձնական խնդիր չի եղել, մենք ընտանիքներով մտերիմ հարաբերություններ ենք ունեցել»:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Գրիգորյանին՝ դատարան դիմելու համար «վեթինգի» են ենթարկել, սպառնացել են քրեական գործեր վերաբացել իր ընկեր կոլեգաների վրա, եթե չհրաժարվի հայցից, պատգամավորն ու մարզպետը պնդեցին՝ իրենք տեղյակ չեն: Ղալումյանն էլ պնդեց, եթե եղել է նման բան, թող ոստիկանություն դիմի:
Հետաքրքրվեցինք, թե ինչու, այնուամենայնիվ, Գրիգորյանն աշխատանքի չընդունվեց, հատկապես, եթե մարզպետն էր խնդրել նրա համար:
«Չի դիմել աշխատանքի ընդունվելու համար, ես տնօրենին առաջարկել եմ, տնօրենն էլ է իր հետ խոսել և առաջարկել է աշխատանք, սակայն դիմում չի եղել: Հիմա էլ ուշ չէ, ես ուրախ կլինեմ, որ նա աշխատի»,- պատասխանեց մարզպետը:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Ուզում եմ տեղյակ լինեք թե ինչ է կատարվում Իջևանում։ Եթե վարչապետի ծննդավայրում է այս իրավիճակը, պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում մնացած մարզերում։
Ես 2016 թ-ին մրցույթով ընտրվել եմ որպես Իջևանի ԲԿ-ի տնօրեն։Իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը (հիմա ԱԺ պատգամավոր) փորձեց ինձ ազատել աշխատանքից (չգիտեմ որպես ղարաբաղցի, որպես հանրապետական, թե պարզապես իրենց համար անցանկալի թեկնածու) չհասցրեց, հեշտ կուլ չգնացի։ Ասեմ, որ իմ աշխատած ժամանակահատվածում փակվել է հիվանդանոցի շուրջ 30մլն պարտքը, և առհասարակ բժշկական կազմակերպությունների գնահատման որակական ցուցանիշներով առաջընթաց ենք ունեցել։ Ընտրություններից հետո նոր մարզպետը դեռ չտեղավորված ազատեց ինձ աշխատանքից (իհարկե՝ իմ դիմումի համաձայն) տարբերակով՝ խոստանալով ապահովել աշխատանքով։ Հասկացա, որ խաբում են, օգտվեցի երեքօրյա իմ իրավունքից (դիմումս հետ վերցնելու), սակայն մասնագիտական աշխատանքն էլ շատ համարեցին։ Ես դիմեցի դատարան։ 1-ին ատյանի և վերաքննիչի կողմից որոշում է կայացվել վերականգնել աշխատանքի և փոխհատուցել։ Հիմա էլ վճռաբեկ են ուզում դիմեն, չնայած գիտեն,որ վարույթ անգամ կարող է չունդունեն։ Այս ժամանակահատվածում ինձ վեթինգի են ենթարկել ոտից գլուխ, սպառնացել, քրեական գործեր վերաբացել իմ ընկեր կոլեգաների վրա,եթե ես չհրաժարվեմ հայցից։Հռետորական հարց է առաջանում պատկան մարմինները չգիտեն ինչ է կատարվում այստեղ։ Ես իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական ճանապարհով մինչև վերջ՝անցնելով այդ դժվար ճանապարհը։Ահա թե ինչպես են վեաբերվում 25 տարվա մարզում աշխատած մասնագետի հետ։ Հետաքրքիր է, ինչպես կարելի է վատնել պետական բյուջեն, այս ամենը ներկայացնել գեղիցիկ փաթեթավորումով վարչապետին ու պատասխանատվության չենթարկվել։ Խորապես մտահոգված եմ անարդարության այս մթնոլորտից, այնինչ բոլորս պայքարել ենք հենց արդարության համար։
Ռուզաննա Գրիգորյան»: