Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի անդամների կոչումից հրաժարվելու մասին մանրամասներ է հրապարակել Daily Mirror-ը:

Հրապարակման համաձայն՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին արքայական արտոնություններից հրաժարվելու մասին սկսել են մտածել Հարավային Աֆրիկա կատարած վերջին պաշտոնական այցի ընթացքում: Զույգը հոգնել է մամուլի և արքայական պարտավորությունների ճնշումից՝ հայտնում է Daily Mirror-ը: Նշվում է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում նրանք իրենց ծրագիրը վերածել են իրականության՝ դիմելով բրիտանացի և ամերիկացի մի խումբ խորհրդականների օգնությանը:

«Ամեն ինչ սկսվեց Հարավային Աֆրիկա կատարած շրջագայությունից,- ասում է թագավորական ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը:- Հարին տեսավ, որ Մեգանը տառապում է: Նա ասաց, որ ինքը չի ցանկանում հաջորդ պաշտոնական շրջագայությանը մեկնել մամուլի ուղեկցությամբ: Նա Մեգանին առաջարկեց ընտրել կյանքի այլ ուղի»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական ընտանիքի անդամների կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքսի և դքսուհու տիտղոսը։